Անչափ երջանիկ եմ «Նոայի» հաղթանակի համար, պատմական խաղ էր Հայաստանի համար. Ռուի Մոտա
Անչափ երջանիկ եմ «Նոայի» հաղթանակի համար, պատմական խաղ էր Հայաստանի համար: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ, պորտուգալացի մասնագետ Ռուի Մոտան, որը տրիբունայից հետեւում եւ աջակցում էր իր նախկին թիմին:
«Շնորհավորում եմ այս հաղթանակի կապակցությամբ: Այսօրվա խաղը պատմական էր Հայաստանի համար, պատմական էր նաեւ «Նոայի» համար: Անչափ երջանիկ եմ հաղթանակի համար: Մարզադաշտում ֆանտաստիկ մթնոլորտ էր: Կարծում եմ՝ այսօր բոլորը երջանիկ էին»,- ասաց Ռուի Մոտան:
Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» ընդունեց հոլանդական «ԱԶ Ալկմարին»: Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած խաղում 1:0 հաշվով հաղթեց երեւանյան թիմը։
Հաղթական հանդիպման ավարտին «Նոայի» երկրպագուները շրջապատել էին Ռուի Մոտային եւ լուսանկարվում նրա հետ:
Պորտուգալացի մասնագետը 2025 թ. հունիսի 13-ին է հեռացել «Նոայի» գլխավոր մարզիչի պաշտոնից եւ գլխավորել Բուլղարիայի չեմպիոն «Լուդոգորեցը», որը հեռացրեց նրան անցած տարվա հոկտեմբերին:



