«Փյունիկի» երիտասարդ կիսապաշտպանը պայմանագիր կկնքի ռուսական ակումբի հետ
Երևանի «Փյունիկի» 21-ամյա կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը կարիերան կշարունակի Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Евро-Футбол.Ру-ի տեղեկություններով՝ Տոլյատիի «Ակրոնը» վերջնական համաձայնության է եկել հայ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ արդեն այսօր Հովհաննիսյանը կժամանի ռուսական ակումբի ճամբար՝ բուժզննում անցնելու և տեղափոխությունը պաշտոնապես ավարտին հասցնելու նպատակով։
21-ամյա կիսապաշտպանը «Փյունիկի» սան է և գլխավոր թիմի կազմում հանդես է գալիս 2022/23 մրցաշրջանից։ Ընթացիկ մրցաշրջանում նա երևանյան թիմի մարզաշապիկով բոլոր մրցաշարերում մասնակցել է 7 հանդիպման՝ իր հաշվին գրանցելով 1 գոլ և 1 գոլային փոխանցում։ Transfermarkt հեղինակավոր պորտալի տվյալներով՝ հայ ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում է 250 հազար եվրո։
Նշենք, որ Սրջան Բլագոևիչի գլխավորած «Ակրոնն» առայժմ դժվարությամբ է հարմարվում Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության տեմպին և անցկացրած մեկնարկային տուրերից հետո գտնվում է մրցաշարային աղյուսակի հետնապահների թվում։ Ակնկալվում է, որ հայ կիսապաշտպանի տրանսֆերը կօգնի թիմին ուժեղացնել կենտրոնական գոտին։



