«Փարիզ-2024» ամառային օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների քանակը կկրճատվի
Տեսակապի միջոցով է տեղի ունեցել միջազգային օլիմպիական կոմիտեի /ՄՕԿ/ գործկոմի նիստը։
Ըստ ՀԱՕԿ-ի, քննարկման հիմնական թեմաներն են եղել Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպման և կորոնավիրուսի հետևանքով առաջացած հարցերը։
Նախատեսվում է մինչև սեպտեմբեր ավարտել խաղերի նախապատրաստական ծրագիրը, որի տարբերակն այնուհետև կներկայացվի մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներին:
Ենթադրվում է, որ ամառային մարզահանդեսի տեղափոխումը կարժենա մի քանի միլիարդ դոլար։ Այդ պատճառով ծախսերը ավելի քան 200 կետով կրճատելու հնարավորությունը կքննարկվի խաղերի կազմկոմիտեի հետ:
Անդրադարձ է եղել բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի /FIBA/ և բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) օրացույցերի հետ կապված խնդիրներին: Հաշվի առնելով NBA-ում հաջորդ մրցաշրջանի հավանական հետաձգումներին, հնարավոր է, որ կանոնավոր մրցաշրջանի կամ փլեյ-օֆֆի հանդիպումները համընկնեն օլիմպիական խաղերի ժամկետների հետ, ինչի պատճառով շատ խաղացողներ, նույնիսկ թիմեր, կարող է չմասնակցեն օլիմպիական մրցաշարին։ Վստահություն է հայտնվել , որ FIBA- ն և NBA- ն կկարողանան փոխզիջման գալ այս հարցում:
Զեկույցներ են ներկայացրել «Պեկին-2022»՝ ձմեռային և «Փարիզ-2024»՝ ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեների ներկայացուցիչները։
Կկրճատվի 2024 թ․ամառային օլիմպիական խաղերի մասնակցող մարզիկների քանակը։ Եթե Տոկիոյի խաղերում կներգրավվեն 11 հազար, ապա Փարիզում՝ 10,500 մասնակիցներ: Փարիզի խաղերի վերջնական ռազմավարությունը կհաստատվի 2020թ․ դեկտեմբերին։
Գնահատական է տրվել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախկին ղեկավարության կոռուպցիոն գործունեությանը։ Չի բացառվում դիմել ավելի կոշտ՝ օլիմպիական ծրագրից ծանրամարտը հանելու պայմանին։ Նշվել է, որ մարզաձևում բարեփոխումների իրականացման գործընթացում ՄՕԿ-ը կշարունակի աջակցել IWF- ի նոր ղեկավարությանը։
Գործկոմը նաև քննարկել է ՄՕԿ-ի հինգ նոր թեկնածուների անդամակցության հարցը։
Հեռավար նիստը տևել է ավելի քան երեք ժամ: