կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
«Նորին Մեծություն Ֆուտբոլը». Երևանում տեղի է ունեցել Նիկիտա Սիմոնյանի հուշ-երեկոն

«Նորին Մեծություն Ֆուտբոլը». Երևանում տեղի է ունեցել Նիկիտա Սիմոնյանի հուշ-երեկոն

Տաղանդավոր ֆուտբոլիստ, ականավոր մարզիչ, բեղուն սպորտային պաշտոնյա և պարզապես հազվագյուտ որակների տեր մարդ… Այս որակումները հնչեցին Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում տեղի ունեցած՝ Նիկիտա Սիմոնյանի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ։

Ներկաներին ցուցադրվեց «Նիկիտա Սիմոնյան. Նորին Մեծություն Ֆուտբոլը» վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի աջակցությամբ։ Ֆիլմը պատմում է լեգենդար մարզիկի և մարզչի, նրա հաղթանակների և խորհրդային ֆուտբոլում ներդրման մասին։ Չէ՞ որ նրա նվաճումների թվին են պատկանում ոչ միայն Մոսկվաի «Սպարտակ» ակումբի պատմության մեջ գրանցված ռեկորդները, այլև ԽՍՀՄ հավաքականի կազմում ցուցաբերած փայլուն խաղն ու գոլերը։ Հետագայում անցնելով մարզչական աշխատանքի՝ Նիկիտա Սիմոնյանը «Արարատ-1973-ին» ապահովեց ԽՍՀՄ-ի չեմպիոնական տիտղոս և Գավաթի նվաճում։

Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ հանդիպում պրոդյուսեր Տիգրան Մանասյանի հետ, ով պատմեց ֆիլմի ստեղծման մասին: Այնուհետև լեգենդար «Արարարատ-73»-ի վետերաններ Սերգեյ Բոնդարենկոն, Էդուարդ Մարկարովը, Նորայր Մեսրոպյանը, Սերգեյ Պողոսովը և հայտնի ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը կիսվեցին իրենց հիշողություններով անմոռանալի հաղթանակների և Նիկիտա Սիմոնյանի անգնահատելի ներդրման մասին։
Երեկոյի ավարտին Մոսկվայի տան տնօրեն Հայկ Մելիքյանը շնորհակալություն հայտնեց ֆուտբոլային աստղերին հայ ժողովրդին պարգևած ցնծության համար: «Եվ այսօր, ամբողջ սրտով մաղթում եմ ձեզ ամենակարևորը՝ առողջություն և բարեկեցություն», – ասաց նա:

«Դժվար է գերագնահատել Նիկիտա Պավլովիչի ներդրումը մեր հաղթանակներում և ընդհանրապես հայկական ֆուտբոլում։ Բեղուն մարզիչ լինելուց բացի, նա նաև բարեկիրթ և կրթված մարդ էր։ Նրա ամենաարտասովոր հատկանիշը, թերևս, այն էր, որ ապրելով այդքան երկար և իրադարձություններով լի կյանք և իր ճանապարհին հանդիպելով տարբեր սերունդների այդքան շատ մարդկանց, նա մնաց բոլորի կողմից հարգված մարդ», – նշեց «Արարարատ-73»-ի վետերան Սերգեյ Բոնդարենկոն։
«Հրաշալի ֆիլմ և հիանալի միջոցառում։ Թեև ես այդ ժամանակ դեռ չէի ծնվել, բայց շատ եմ լսել «Արարարատ-73»-ի մասին, և այսօր, դիտելով ֆիլմը և լսելով մեր ֆուտբոլային վետերաններին, խոստովանեմ՝ հուզվել էի», – երեկոյից իր տպավորություններով կիսվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, օլիմպիական արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը։
Երեկոն, որը տեղի ունեցավ «Ռուսաստանի և Հայաստանի մեծ անուններ» միջոցառումների շարքի շրջանակներում, կազմակերպել էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչությունը, Մոսկվայի հայրենակիցների տունը և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը։

  • Կիսվել: