երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Լուկաս Սելարայանը ժամանել է Սաուդյան Արաբիա

Լուկաս Սելարայանը ժամանել է Սաուդյան Արաբիա

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը ժամանել է Սաուդյան Արաբիա և միացել «Ալ Ֆատեհ» ակումբին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

31-ամյա ֆուտբոլիստն օրեր առաջ էր հեռացել ՄԼՍ-ը ներկայացնող ամերիկյան «Քոլամբուս Քրյուից» ու երեք տարվա պայմանագիր կնքել «Ալ Ֆատեհի» հետ, որը Սաուդյան Արաբիայի նախորդ առաջնությունում գրավել է 6-րդ տեղը։

Լուկաս Սելարայանը 2020 թվականի հունվարին էր միացել «Քոլամբուս Քրյուին», որի կազմում անցկացրած 107 խաղում խփել է 42 գոլ ու կատարել 23 գոլային փոխանցում: Կարիերայի ընթացքում նա ելույթ է ունեցել նաև մեքսիկական «Տիգրես Ունալում» (2016-2019թթ.) ու արգենտինական «Բելգրանոյում» (2012-2015թթ.): Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո:

Հարձակվողը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2021 թվականի հոկտեմբերին: Նա ազգային թիմի կազմում մասնակցել է 9 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ՝ դուբլ ձևակերպելով Ուելսի հավաքականի դեմ խաղում:

  • Կիսվել: