ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կարծում եմ՝ ոչ-ոքին այն արդյունքն էր, որը պետք է լիներ․ Պետրակով

Կարծում եմ՝ ոչ-ոքին այն արդյունքն էր, որը պետք է լիներ․ Պետրակով

Եվրո-2024-ի ընտրական փուլի 5-րդ տուրում Թուրքիայի դեմ 1-1 խաղալուց հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը պատասխանել է լրագրողների հարցերին։

«Կարծում եմ՝ ոչ-ոքին այն արդյունքն էր, որը պետք է լիներ։ Ի դեպ, ոչ-ոքի պետք է լիներ նաև երևանյան խաղում։ Խաղից հետո, երբ մտա հանդերձարան, խաղացողները տխուր էին, գոհ չէին խաղից, բայց կարծում եմ, որ ճիշտ ուղու վրա ենք, ֆուտբոլիստները վստահում են մարզչական շտաբին ու կատարում են մեր ասածները։

Ես չեմ մարզում Ֆրանսիայի կամ Բրազիլիայի հավաքականը, որոնց մարզիչները կարող են իրենց թույլ տալ չլարվել։ Մարզում եմ Հայաստանի հավաքականը։ Ես լարված եմ, ես անհանգստանում եմ խաղի արդյունքի համար, որովհետև եկել եմ այստեղ, որ օգնեմ Հայաստանի հավաքականին, հայ ժողովրդին, որն ինձ շատ լավ է վերաբերվում։

Նաիր Թիկնիզյանի համար դժվար էր, նա մեծ աշխատանք էր կատարում, իր դիրքի վրա անընդհատ գրոհ կար։ Շնորհակալություն եմ հայտնել նրան խաղի համար։ Նա ինքն էլ ամեն ինչ հասկանում է, տխուր նստած էր։

Թուրքիայի հավաքականը գնդակին ավելի շատ էր տիրում, նրանք իրենց ֆուտբոլիստների գներով գերազանցում էին մեզ, մենք, չեմ թաքցնի, խաղում էինք արդյունքի համար։ Յուրաքանչյուր թիմի պիտի օգտագործի այն, ինչ ունի։

Վահան Բիչախչյանը փոխարինվեց, ոչ թե, օրինակ, Լուկաս Սելարայանը, որովհետև ես գլխավոր մարզիչն եմ և ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը։ Մի տեղ սխալվում եմ, մի տեղ ճիշտ դուրս գալիս։ Ճիշտ չէ, երբ մարդիկ հանգիստ բազմոցին նստած, որոշում են՝ մարզիչը ճիշտ փոխարինում է անում, թե սխալ»,- ասաց Պետրակովը, գրում է armsport.am-ը:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: