Ուրախ եմ, որ կարողացել եմ ուրախացնել իմ ազգին եւ բարձր պահել մեր դրոշը․ Ջանես Նազարյան (տեսանյութ)
100 տոկոս վստահություն չկար, բայց մարզիչիս հանգստությունն ինձ էլ հանգստություն բերեց: Ուրախ եմ, որ կարողացել եմ ուրախացնել մեր ազգին եւ բարձր պահել մեր դրոշը:
Այս մասին ասել է Բաքվում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր Ջանես Նազարյանը:
Գագիկ Խաչատրյանի գլխավորած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը Բաքվից վերադարձել է Հայաստան: Բաքվում Հայաստանի դրոշը բարձրացրած ըմբիշներին դիմավորել են Դիլիջանում՝ դափնիներով եւ ծափահարություններով:
«Նպատակս չեմպիոն դառնալն էր, որի համար մեծ աշխատանք էինք կատարել: Ամեն շատ լավ գնաց, մեր ծրագրածով: Որոշ սխալներ եղան, որոնք կարող էին ինձ խանգարել այդ ճանապարհին, բայց ամեն դեպքում, փառք Աստծու, կարողացա հասնել հաղթանակին: Տպավորություններս շատ լավ են: Ուրախ եմ, որ կարողացել եմ ուրախացնել մեր ազգին եւ բարձր պահել մեր դրոշը: 100 տոկոս վստահություն չկար, բայց մարզիչիս հանգստությունն ինձ էլ հանգստություն բերեց: Ինքն ինձ հանգստացնում էր կողքից, ես էլ, հիշելով իմ տարած աշխատանքը, չէի կասկածում ինձ վրա»,- ասել է Ջանես Նազարյանը:
Հուլիսի 29-ին Բաքվում անցկացված Մ-17 աշխարհի առաջնության 71 կգ քաշային կարգի եզրափակիչում Ջանես Նազարյանը 4:3 հաշվով հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Ասլան Ջուեւին:
Ջանես Նազարյանը տիտղոսը նվաճելուց հետո Հայաստանի դրոշով չեմպիոնական շրջան կատարեց մարզիչների հետ, որն ուղեկցվեց տրիբունաներից հնչող սուլոցներով:
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչեց Հայաստանի հիմնը եւ բարձրացավ դրոշը, որը նույնպես ուղեկցվեց սուլոցներով:



