երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
Հռոմից գրեթե 30 տարով հին․ ռումինացիների անդրադարձը Երևանին ու սպասվող վճռորոշ խաղին

Հռոմից գրեթե 30 տարով հին․ ռումինացիների անդրադարձը Երևանին ու սպասվող վճռորոշ խաղին

Եվրոպա լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի՝ «Արարատ-Արմենիայի» դեմ պատասխան խաղին ընդառաջ ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովան» իր սոցանցի պաշտոնական էջերում ծավալուն հրապարակմամբ անդրադարձել է Երևանին և սպասվող դիմակայությանը, գրում է armsport.am-ը:

Ակումբի մամուլի ծառայությունը հատուկ շեշտել է Հայաստանի մայրաքաղաքի հարուստ պատմությունը.

«Աշխարհի հնագույն քաղաքներից մեկը մեզ կսպասի հինգշաբթի երեկոյան։ Մ.թ.ա. 782 թվականին Էրեբունի անվամբ հիմնադրված Երևանը գրեթե երեք տասնամյակով հին է Հռոմից»,- նշված է հրապարակման մեջ։

Ռումինական ակումբը Երևանը բնութագրել է որպես «Վարդագույն քաղաք»՝ հրաբխային տուֆից կառուցված շենքերի շնորհիվ, և խաղին ժամանող իր երկրպագուներին խորհուրդ է տվել անպայման բացահայտել Հանրապետության հրապարակը, Վերնիսաժը և Կասկադ համալիրը։

Առանձին անդրադարձ է կատարվել նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի պատմությանը (բացվել է 1935-ին՝ «Դինամո» անվամբ, տեղավորում է ավելի քան 14 000 հանդիսական), ինչպես նաև նշվել է, որ հանդիպման ժամանակ սպասվում է 24-25°C ջերմաստիճան:

«1-1 հաշվից հետո ամեն ինչ վճռվելու է Երևանում. միասին՝ հանուն որակավորման»,- եզրափակել է Կրայովայի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ թիմերի միջև Ռումինիայում կայացած առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաշիվը բացել էր Ալեքսանդրու Մալիշի գոլի շնորհիվ, սակայն դաշտի տերերից Նիկուշոր Բանկուն վերականգնել էր հավասարությունը (1-1)։

Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի ուղեգրի ճակատագիրը կվճռվի օգոստոսի 27-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին:

  • Կիսվել: