երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
 ՀՖՖ-ն 70 միլիոն եվրո է ստացել դրսից, բայց անհասկանալի է ինչի վրա են ծախսել. Արթուր Սողոմոնյան

ՀՖՖ-ն 70 միլիոն եվրո է ստացել դրսից, բայց անհասկանալի է ինչի վրա են ծախսել. Արթուր Սողոմոնյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախորդ չորս տարիներից դրսից ստացել է 70 միլիոն եվրո, սակայն հասկանալի չէ, թե ինչի վրա են ծախսել։ Այդ մասին ասուլիսում նշեց ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երեւանի «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը։

«Բոլորս տեսել ենք, թե ինչ է արվել այս չորս տարիներին։ Ոչ մի լուրջ ֆուտբոլային կառույց չի շահագործվել։ Նախորդ ղեկավարության կողմից 70-80 տոկոս կառուցած Արմավիրի, Աբովյանի եւ Վանաձորի մարզադաշտերի շահագործումը ոչնչի մասին է, քանի որ նոր ստադիոն կառուցելը 5-6 միլիոն դոլար է։ Այս ընթացքում մենք պետք է ունեային առնվազն մեկ-երկու նոր ստադիոն։

Ոչ թափանցիկ եւ ոչ կոմպետենտ վատնում է տեղի ունենում։ Ես կոռուպցիա չեմ անվանի, քանի որ դա իրավական տերմին է։ Դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները։

Ես կարող եմ խոսել ոչ արդյունավետ ծախսի մասին։ Ես չեմ հասկանում, թե չորս տարում 70 միլիոն դոլարն ինչի վրա են ծախսել։ Նրանք դեռ Հայաստանի բյուջեից են փող ուզում։ Անցած տարի հայտարարեցին, որ բյուջեից 5 միլիարդ դրամ են ստանալու։

ՀՖՖ-ի ղեկավարությունը միջոցներն օգտագործում է սեփական իշխանությունն ամրապնդելու համար։ Ընտրությունից առաջ տարբեր ակումբների խոստանում են խաղադաշտերի կառուցում, արտոնություններ, խախտումների վրա աչք փակել»,- նշեց Արթուր Սողոմոնյանը։

ՀՖՖ նախագահի հերթական ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ն։ Պաշտոնին հավակնում են Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը եւ ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Օզբիլիսի թեկնածությունն առաջադրել է Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր Երեւանի «Ուրարտուն», Մելիքբեկյանի թեկնածությունը՝ Երեւանի «Անի» ֆուտբոլային ակումբը, որի նախագահն է Խորեն Հովհաննիսյանը։

  • Կիսվել: