շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանի շախմատիստները առաջատարների թվում են

Հայաստանի շախմատիստները առաջատարների թվում են

Հայաստանի շախմատիստները շարունակում են հաջող հանդես գալ Իսպանիայում անցկացվող միջազգային մրցաշարերում:

Վիյա դե Բենասկեում անցկացվող թվով 42-րդ մրցաշարում մեր գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը 6 տուրից հետո վաստակել են 5,5-ական միավոր և ընթանում են առաջատարների խմբում: Այսօր կայանալիք 7-րդ տուրում նրանք կմրցեն Նիդեռլանների և Սերբիայի շախմատիստների հետ:

Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը 4,5 միավորով զբաղեցնում է 38-րդ տեղը: Կանանց միջազգային վարպետ Սոնա Ասատրյանը հաջող մեկնարկից հետո անսպասելի պարտություն կրեց 6-րդ տուրում և այժմ 3 միավորով զբաղեցնում է 189-րդ հորիզոնականը:

Սույն մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 10 տուրով:

Իսպանական Բարբերա դե Վայես քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում վստահ է հանդես գալիս մեր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, որը 6 հնարավորից վաստակել է 5 միավոր և այժմ բաժանում է 1-3-րդ տեղերը: Նրա հաջորդ մրցակիցը լիտվացի գրոսմայստեր Տիտաս Ստեմավիչիուսն է: Այս մրցաշարն անցկացվում է 9 տուրով:

  • Կիսվել: