երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի փաուերլիֆթինգի հավաքականը՝ Գավառում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող

Հայաստանի փաուերլիֆթինգի հավաքականը՝ Գավառում անցկացված միջազգային մրցաշարի հաղթող

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Փաուերլիֆթինգի միջազգային ֆեդերացիայի և Փաուերլիֆթինգի Հայաստանի ֆեդերացիայի համատեղ ջանքերով հոկտեմբերի 21-ին Գավառում անցկացվել է ուժային եռամարտի (փաուերլիֆթինգ)՝ IRON EURASIA-7 միջազգային մրցաշարը։
 
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ մրցաշարին մասնակցել է 147 մարզիկ Հայաստանից, Հնդկաստանից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Վրաստանից․ մրցաշարն առցանց եղանակով անցկացվել է նաև Էստոնիայի, Լիտվայի, Ուկրաինայի և Անգլիայի մարզիկների համար։
 
Հայաստանի փաուերլիֆթինգի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ վաստակելով 979 միավոր: Երկրորդ տեղում Իրանի թիմն է՝ 421 միավորով: Լավագույն եռյակը եզրափակել է Վրաստանի թիմը՝ 173 միավորով:
 
Հայ մարզիկներն աշխարհի ռեկորդով բացարձակ հաղթողներ են դարձել ձգում վարժությունում: 302.5 կգ արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել Արտյոմ Խուգոյանը՝ 179.600 միավորով: Երկրորդ տեղում Սերոբ Սիմոնյանն է (աշխարհի ռեկորդ՝ 270 կգ, 164.320 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լաբեր Գրիգորյանը (աշխարհի ռեկորդ՝ 265 կգ, 156.300 միավոր):
 
Բիցեպս վարժությունում ևս հայ մարզիկները ցույց են տվել լավագույն արդյունք: Հաղթող է ճանաչվել 110 կգ քաշային Արտյոմ Խուգոյանը՝ 75 կգ արդյունքով նաև աշխարհի ռեկորդ սահմանելով: Երկրորդ տեղը զբաղեցրել և արծաթե մեդալին արժանացել է Արթուր Ավետիսյանը, որը ևս աշխարհի ռեկորդ է սահմանել (70 կգ): Բրոնզե մեդալակիր է դարձել Կարեն Պետրոսյանը:
 
Երկամարտ (պառկած սեղմում + ձգում) վարժությունում ոսկե մեդալակիր է դարձել Արտյոմ Խուգոյանը: Նա նաև աշխարհի ռեկորդ է սահմանել՝ 497.5 կգ արդյունքով: Երկրորդ տեղը զբաղեցրել է Վրաստանի ներկայացուցիչ Թեյմուրազ Աբսարիձեն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Կառլեն Անտոնյանը: Վերջինս նաև աշխարհի ռեկորդ է սահմանել՝ 377.5 կգ արդյունքով:
 
Պառկած սեղմում վարժությունում առաջն տեղը զբաղեցրել է Արտյոմ Սոլոյանը՝ նաև աշխարհի ռեկորդ սահմանելով 195 կգ արդյունքով: Արծաթե մեդալակիր է դարձել վրացի Լևան Գորգոձեն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի ներկայացուցիչ, պարամարզիկ Հարություն Մխիթարյանը: Հայ մարզիկնը նաև աշխարհի ռեկորդ է սահմանել 145 կգ արդյունքով:
 
Նմանօրինակ մրցաշար աշխարհում կազմակերպվել է առաջին անգամ:

  • Կիսվել: