շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Grand Chess Tour․ Արոնյանը առայժմ 4-րդն է

Grand Chess Tour․ Արոնյանը առայժմ 4-րդն է

Վարշավայում կայացան Grand Chess Tour-ի կայծակնային շախմատի մրցաշարի առաջին շրջանի հանդիպումները: Ի տարբերություն արագ շախմատի մրցաշարի, կայծակնայինում հաղթանակի համար տրվում է մեկ միավոր, ոչ-ոքին գնահատվում է կես միավոր:

Լևոն Արոնյանը 9 մրցախաղերում վաստակեց ընդամենը 4 միավոր: Նա հաղթեց լեհ Յան-Քշիշտոֆ Դուդային, Ռումինիան ներկայացնող Բոգդան-Դանիել Դյակին և Կիրիլ Շևչենկոյին, հաշտություն կնքեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի և լեհ Ռադոսլավ Վոյտաչեկի հետ, պարտվեց նիդերլանդցի Անիշ Գիրիին, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոյին, նորվեգացի Մագնուս Կառլսենին ու Ռումինիան ներկայացնող Ռիչարդ Ռապորտին:

Արագ և կայծակնային շախմատի մրցաշարերում վաստակած 16 միավորով Արոնյանը 4-րդ տեղում է: 17,5 միավորով առաջատարը Յան-Քշիշտոֆ Դուդան է, որին հետապնդում են Մագնուս Կառլսենը (17 միավոր) և Ուեսլի Սոն (16,5):

Այսօր կայանալիք 2-րդ շրջանի մրցախաղերով մրցաշարը կավարտվի: Հիշեցնենք, որ մրցաշարի մրցանակային հիմնադրամը 175 հազար դոլար է, որից 40 հազարը կստանա հաղթողը:

  • Կիսվել: