շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եթե 2 տարիքային թիմերն էլ բասկետբոլի Եվրոպայի առաջնությունում հասնեն եզրափակիչ, մեզ համար դա հաղթանակ կլինի. Վահագն Հարությունյան

Եթե 2 տարիքային թիմերն էլ բասկետբոլի Եվրոպայի առաջնությունում հասնեն եզրափակիչ, մեզ համար դա հաղթանակ կլինի. Վահագն Հարությունյան

 Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային հավաքականները օրեր անց կսկսեն պայքարը Եվրոպայի առաջնությունների C ենթախմբերում:

Մ16 տարեկանների աղջիկների հավաքականն ընդգրկվել է A ենթախմբում, որտեղ կմրցի Վրաստանի, Մալթայի և Ջիբրալթարի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2023 թվականի հուլիսի 18-ից 23-ը Անդորրայում: Մ18 տարեկանների աղջիկների հավաքականն էլ հայտնվել է C դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Մոլդովայի, Կոսովոյի և Ալբանիայի թիմերի հետ: Հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 1-ից 6-ը Ալբանիայի Դուրես քաղաքում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի կանանց Մ16 և Մ18 տարեկանների թիմերի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը խոսեց առաջիկա Եվրոպայի առաջնությունների, ընտրանիների ներուժի, ենթախմբերում հիմնական մրցակիցների և հավաքականների առաջ դրված խնդիրների մասին:

 

-Պարոն Հարությունյանը, սկսենք Մ16 տարեկանների հավաքականից։ Ի՞նչ վիճակում է ընտրանին:

 

-Չեմ սիրում կանխատեսումներ անել, բայց թիմը նորմալ վիճակում է: Հիմնական կազմում հայաստանցի երեխաներ են: 4 բասկետբոլիստ էլ ընտրանուն կմիանան Ամերիկայից: Բայց հիմնական բեռը ներքին առաջնությանը մասնակցող խաղացողների ուսերին է լինելու: Կարծում եմ՝ կկարողանանք մինչև եզրափակիչ հասնել:

-Եվրոպայի առաջնության մեր ենթախմբում ընդգրկված են ՎրաստանըՄալթան և ՋիբրալթարըԸստ ձեզ՝ ինչպիսի՞ մրցակիցներ են նրանք

-Որպես կանոն՝ Մալթան նմանատիպ մրցաշարերին ներկայանում է լավ թիմերով: Ես չեմ հիշում մի մրցափուլ, որ նրանք թույլ թիմ ունեցած լինեն: Իսկ ահա Վրաստանում կանանց բասկետբոլը զարգանում է բարձր տեմպերով, քանի որ մեծ ներդրումներ են կատարվում: Համեմատության կարգով` 2017 թվականին նրանք կանանց թիմեր գրեթե չունեին, իսկ հաշված տարիներ առաջ հաղթել են իրենց ենթախմբերից մեկում: Իսկ Ջիբրալթարը միջինից ցածր թիմ է: Զարգացում, սակայն, կա նաև այդ երկրում: Առանց չափազանցության` այս ենթախմբում հեշտ թիմեր չեն լինելու:

-Պարոն Հարությունյան, մենք տեսնում են այլ թիմերի զարգացումը: Ինչպիսի՞ աճ ունենք մենք:

-Հայաստանում սկսել ենք առաջնություն անցկացնել, ինչը խոսում է այն մասին, որ աճ կա: Այժմ Հայաստանում կան կին բասկետբոլիստներ, որոնք համապատասխանում են եվրոպական ստանդարտներին: Թիմում ունենք Սեդա Գաբրիելյանին, որը նախորդ մրցափուլում ճանաչվեց ենթախմբի MVP (ամենաարժեքավոր բասկետբոլիստ): Բայց․ իմ կարծիքով, մեր խնդիրը կայանում է նրանում, որ բասկետբոլիստներին չպետք է հավաքենք մրցաշարից մրցաշար, այլ հստակ գրաֆիկով տարեկան մարզումներ անցկացնենք, որպեսզի բասկետբոլիստները սկսեն մարզիչի «ձայնը լսել» և միմյանց լավ ճանաչել:

-Անդրադառնալով Մ18 տարեկաններին. ի՞նչ իրավիճակ է, ի՞նչ խնդիր ունեք լուծելու:

-Մենք այս տարիքային հավաքականում փորձված խաղացողներ ունենք, որոնք 3 տարի է՝ խաղում են C ենթախմբում: Ամերիկայից փորձառություն ունեցող երեք բասկետբոլիստ կմիանա ընտրանուն: Բայց հիմնական կորիզը հայաստանցի բասկետբոլիստներն են լինելու: Եթե, օրինակ, համեմատենք տղաների հավաքականի հետ, իմ տեսլականն այն է, որ խաղալու հնարավորություն ստանան տեղացի բասկետբոլիստները՝ անգամ, եթե նրանք վատ խաղան: Հեշտ է դրսից բասկետբոլիստներին բերել ու չեմպիոն դառնալը:

-Պարոն Հարությունյան, մեր զրույցների ընթացքում միշտ քննարկում ենք նաև այս հարցը. ինչո՞ւ  ենք մենք մեր ուժերը փորձարկում են C ենթախմբում և ռիսկի չենք գնում` ուժերը փորձելով  բարձր ենթախմբերում:

-Մենք երկու անգամ ռիսկի գնացել ենք տարիներ առաջ: Ինձ համար այդ երկու մասնակցությունները լավ դաս էին, որ մենք դեռևս B ենթախմբի «ապրանք» չենք: Մեզ տարիների փորձ է պետք  և ենթակառուցվածքներ են պետք, որը մենք անկեղծորեն չունենք: Բայց սա ֆեդերացիայի խնդիրը չէ, խնդիրն այն է, որ մենք մեր սեփականը չունենք:

-C ենթախմբում մրցելու եք Մոլդովայի, Կոսովոյի և Ալբանիայի հետ: Ինչպիսի՞ ներուժ ունեք այս մրցակիցների հետ խաղերում:

-Իմ գնահատմամբ մեր հիմնական խնդիրը լինելու է Կոսովոյին հաղթելը: Մինչ այս երբեք չենք գերազանցել նրանց: Այս տարիքային խմբում մենք մրցաշարին մասնակցում ենք բացառապես հաղթելու նպատակով: Եթե 2 տարիքային թիմերն էլ Եվրոպայի առաջնությունում հասնեն եզրափակիչ, մեզ համար դա հաղթանակ կլինի: Իսկ եթե հավաքականների թիմը ոսկե մեդալ նվաճի` գերազանց արդյունք կլինի:

  • Կիսվել: