Երեւանում մեկնարկեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը
Երեւանում մեկնարկեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: Փետրվարի 13-ին Սպորտի կառավարման կենտրոնում տեղի ունեցավ առաջնությանը բացումը, որին ներկա էին ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, փոխնախարար Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզասերներ:
Բացման արարողությունը մեկնարկեց ֆեդերացիայի կողմից պատրաստած AI-ով ստեղծված կարճ տեսանյութով, որը պատմում էր հայկական ծանրամարտի պատմությունը մինչեւ մեր օրեր: Ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանին տեսանյութը հուզել էր, իսկ ԿԳՄՍ նախարարը նշեց, որ պաշտոնավարման երեք տարիների ընթացքում երբեք ներքին առաջնությանը ներկա գտնվելու հրավեր չի ստացել:
Ֆեդերացիայի նախագահի եւ ԿԳՄՍ նախարարի բացման խոսքից հետո տեղի ունեցավ մարզիկների եւ մրցավարների երդման (ազնիվ եւ արդար մրցակցության) արարողությունը: Ծանրորդների անունից երդվեց Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, կանանց հավաքականի առաջատար Ալեքսանդրա Գրիգորյանը, մրցավարների անունից՝ կանանց հավաքականի նախկին առաջատար, Եվրոպայի չեմպիոն, երկրորդ կարգի մրցավար Հռիփսիմե Խուրշուդյանը: Երդման արարողությանը հաջորդեց Հայաստանի օրհներգը, որով էլ հայտարարվեց առաջնության մեկնարկը:
Հայաստանի առաջնությանը մասնակցում է 110 ծանրորդ: Բոլոր առաջատար եւ ուժեղագույն ծանրորդները մասնակցում են: Առաջնությունից ազատված ծանրորդ չկա: ՀԾՖ-ի կողմից կազմակերպված առաջնությունը անցկացվում է նոր ձեւաչափով՝ հեռուստաէկրանով ցուցադրվող օնլայն ցուցատախտակով, հատուկ առաջնության համար պատրաստած մեծ մրցահարթակով, հանդիսատեսի ներկա գտնվելու հնարավորությամբ: Այս առումով ծանրամարտի ֆեդերացիան ոչինչ չի խնայել շքեղ առաջնություն անցկացնելու եւ համարժեք շքեղ բացում կազմակերպելու համար: Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշեց, որ այսպիսի առաջնություն եւ բացում անցկացնելը, որը նախկինում երբեք չի եղել որեւէ այլ մարզական ֆեդերացիայի կողմից, նպատակային է:
«Ներքին առաջնություններն այսպես անցկացնելու նպատակները շատ են, որոնցից մեկն այն է, որ տեսնենք, թե այս պահին ինչ վիճակում ենք գտնվում եւ ինչ ռեզերվ ունենք: Սա նաեւ շատ հստակ հնարավորություն է տալիս մարզիչներին տեսնելու մարզիկների կարողությունները կարեւոր ստուգատեսերից առաջ: Երկու ամսից ունենք Եվրոպայի առաջնություն Բաթումիում, աշնանը՝ աշխարհի առաջնություն Չինաստանում:
Մեր մյուս կարեւոր նպատակներից մեկն էլ այն է, որ ներքին առաջնությունները պետք է տոնի վերածել, որպեսզի մեր մարզիկները նախ տարվա սկզբում միջազգային մրցաշարերին հավասար շունչ զգան: Այսօրվա առաջնությունը թույլ է տալիս այդպիսի եզրակացություն անել: Հրավիրել ենք միջազգային մրցավարների, որոնք կդատեն Հայաստանի առաջնությունը: Չգիտեմ՝ նախկինում եղել է այդպես, թե ոչ, բայց չեմ հիշում, որ այդպիսի փորձ ունեցած լինենք: Այդ մրցավարներից մի մասը երեկ դասընթացներ են իրականացրել համապատասխան մասնագետների համար: Սա նաեւ փորձի փոխանակման լավ հնարավորություն է:
Մեկ այլ նպատակ էլ ունենք, որ մեր հանդիսատեսը գա եւ տեսնի իր ուժեղ մարզիկներին, իսկ այստեղ հավաքված են մարզիկներ, որոնք աշխարհում եղանակ են ստեղծում: Հանդիսատեսը, երկրպագուները մեկ ձեռքի հեռավորությամբ պետք է տեսնեն իրենց լավագույն մարզիկներին: Ծանրամարտը Հայաստանում շատ են սիրում: Մենք պետք է ծանրամարտի լրացուցիչ տոներ ստեղծենք հանրության համար», - ասաց Արայիկ Հարությունյանը:
Առաջնության գլխավոր մրցավարը Արայիկ Ալավերդյանն է, որը հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, հավաքականից հեռացված Փաշիկ Ալավերդյանի որդին է:
Առաջնության առաջին մրցումային օրը տեղի են ունեցել կանանց 48 կգ-ից 63 կգ եւ 69-ից +86 կգ քաշայինների պայքարը:
Կանանց առաջնությունում Հայաստանի չեմպիոններ ու մրցանակակիրներ դարձան.
- 48 կգ` Քրիստինե Բաբայան (Արարատ)
- 48 կգ` Զեփյուռ Ղազարյան (Էջմիածին)
- 48 կգ` Մանե Ավանեսյան (Քասախ)
- 53 կգ` Իզաբելլա Յայլյան (Երևան)
- 53 կգ` Տանզելա Գրիգորյան (Գյումրի)
- 53 կգ` Արաքսյա Սիրականյան (Գյումրի)
- 58 կգ` Ալեքսանդրա Գրիգորյան (Գյումրի)
- 58 կգ` Միլենա Ավանեսյան (Էջմիածին)
- 58 կգ` Լիանա Ստեփանյան (Երևան)
- 63 կգ` Նատալյա Սարգսյան (Գյումրի)
- 63 կգ` Յուղաբեր Ամրոյան (Գյումրի)
- 63 կգ` Միլենա Գևորգյան (Վանաձոր)
- 69 կգ` Մերի Միսակյան (Քասախ)
- 69 կգ` Ակսաննա Թորոսյան (Գյումրի)
- 69 կգ` Սոֆյա Նաջարյան (Գյումրի)
- 77 կգ` Աննա Ամրոյան (Գյումրի)
- 77 կգ` Ալինա Սուքիասյան (Սևան)
- 77 կգ` Յուլյա Շիրինյան (Երևան)
- 86 կգ` Էմմա Պողոսյան (Գյումրի)
- 86 կգ` Մերի Աղալարյան (Ջրառատ)
- +86 կգ` Տաթև Հակոբյան (Երևան)
- +86 կգ` Մերի Թումասյան (Գյումրի)
- +86 կգ` Նարե Առաքելյան (Արարատ)
Մրցումային երկրորդ օրը՝ փետրվարի 15-ին մրցահարթակ դուրս կգան տղամարդկանց 60 կգ-65 կգ, 71 կգ-ից 79 կգ եւ 88 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները:
Փետրվարի 16-ին Հայաստանի չեմպիոնները կորոշվեն 94 կգ, 110 կգ եւ +110 կգ քաշային կարգերում:


