ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի Մ-17 կրկնակի չեմպիոն

Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի Մ-17 կրկնակի չեմպիոն

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը երկամարտի 225 կգ արդյունքով եւ ռեկորդով նվաճեց ոսկե մեդալ՝ հռչակվելով Եվրոպայի պատանեկան առաջնության կրկնակի չեմպիոն:

81 կգ քաշայինների պայքարում Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 96 կգ՝ նվաճելով այս վարժության փոքր արծաթե մեդալը: Հրում վարժությունում 16-ամյա ծանրորդը գլխավերեւում պահեց 129 կգ եւ արժանացավ այս վարժության փոքր ոսկե մեդալին: Էմմա Պողոսյանը հրում վարժությունում սահմանեց նաեւ Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների ռեկորդ:

Էմմա Պողոսյանը պատանեկան ԵԱ-ի չեմպիոնի կոչումը նվաճել էր նաեւ 2022 թվականին մինչեւ 15 տարեկանների պայքարում: Նա Մ20  Եվրոպայի փոխչեմպիոն է, աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր: 2023 թվականի ապրիլին Երեւանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեծահասակների պայքարում 16-ամյա ծանրորդուհին երկամարտի 214 կգ արդյունքով 5-րդն էր:

Մ-17 ԵԱ-ում Հայաստանն արդեն նվաճել է 9 մեդալ երկամարտում, որից 5-ը ոսկի։ Ժորա Գրիգորյանը (61 կգ), Սերյոժա Բարսեղյանը (67 կգ),  Աննա Ամրոյանը (76 կգ) եւ Վալերի Մովսիսյանը նվաճել են ոսկե, Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ)՝ արծաթե, Կառլեն Դավթյանը (49 կգ), Յուղաբեր Ամրոյանը (40 կգ) եւ Ալինա Սուքիասյանը (71կգ)՝ բրոնզե մեդալներ:

Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ մնացին Ռուստամ Սահրադյանը, Աշոտ Մարգարյանը (երկուսն էլ 102 կգ) եւ Գագիկ Մկրտչյանը (+102 կգ):

Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը կավարտվի հուլիսի 10-ին:

  • Կիսվել: