Աշխարհի առաջնության ոսկե մեդալն իմ երազանքներից մեկն էր․ Համլետ Մանուկյան
Աշխարհի առաջնության ոսկե մեդալը շատ սպասված էր ինձ համար եւ իմ երազանքներից ու նպատակներից մեկն էր: Ուրախ եմ, որ իրականացավ:
Այս մասին «Զվարթնոցում» ասաց աշխարհի նորընծա չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, 19-ամյա Համլետ Մանուկյանը:
Աշխարհի չեմպիոնը նախորդ գիշեր Ռոտերդամից Հայաստանի թիմի հետ վերադարձել է հայրենիք, որտեղ մասնակցում էր սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությանը:
«Աշխարհի առաջնության ոսկե մեդալը շատ սպասված էր ինձ համար եւ իմ երազանքներից ու նպատակներից մեկն էր: Ուրախ եմ, որ իրականացավ:
Շնորհակալ եմ Աստծուն, որ կարողացա այս օրը վարժություն լավ կատարել եւ ես ու ընկերս դարձանք նժույգ թափեր վարժության մեդալակիր եւ հաղթող: Այդ օրը մեր օրն էր: Կրկնակի ուրախ եմ, որ պատվո հարթակը կիսում Մամիկոն Խաչատրյանի հետ: Մի ուրիշ ուրախություն է, երբ նույն դահլիճում մարզվում ենք, տանջվում եւ պատվո հարթակին երկուսով ենք: Շատ մեծ պատիվ եւ ուրախություն է ինձ համար:
Մեր տրամադրությունը շատ մարտական էր: Աշխարհի առաջնությանը մոտեցել էինք շատ լուրջ, լավ պատրաստվել էինք: Շնորհակալ իմ մարզիչներին, ընտանիքին, հայ ազգին, բոլորին, բարեկամ-հարազատներից, որոնք այսօր եկել են ինձ դիմավորելու: Այսպիսի ջերմության համար շնորհակալ եմ բոլորից»,- ասաց Համլետ Մանուկյանը:
Համլետ Մանուկյանը տիտղոսը նվաճել է նժույգ թափեր վարժությունում, որի եզրափակիչում վաստակել է 15.300 միավոր:



