ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Անգլիայի ֆուտբոլի հավաքականն ԱՄՆ-ում անվտանգության խափանման զոհ է դարձել․ Կանզաս Սիթիում կայանալիք Աշխարհի առաջնության առաջին խաղին ընդառաջ մարզումից առաջ գողացել են թիմի խաղային կոշիկները, մարզումների համար նախատեսված գնդակներն ու այլ անհրաժեշտ պարագաներ։
Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ գողությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ սարքավորումները թիմի Ֆլորիդայի նախամրցաշարային բազայից տեղափոխվում էին Միսուրի նահանգի Սվոուփ Ֆուտբոլային գյուղի մարզական ճամբար։
Նշվում է, որ Կանզաս Սիթիի ոստիկանությունը հետաքննում է միջադեպը և հաստատել է, որ երկու կասկածյալներ ձերբակալվել են:
Ոստիկանության խոսնակը Guardian-ին ասել է. «Կասկածվող երկու անձ ձերբակալվել է՝ հետագա քննության համար»:
Հավաքականի անձնակազմը հրատապ կարգով փորձում է գողացված իրերը փոխարինել, որպեսզի Խորվաթիայի դեմ հունիսի 17-ին կայանալիք խաղի նախապատրաստությունը չձախողվի։
Աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Անգլիայի հավաքականը խմբային փուլում կմրցի Խորվաթիայի, Գանայի և Պանամայի հավաքականների հետ։



