չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
5 ոսկե մեդալ և միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումներ. «Yerevan Open»-ի արդյունքները

5 ոսկե մեդալ և միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումներ. «Yerevan Open»-ի արդյունքները

Սպորտային մարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականը 5 ոսկե մեդալ է նվաճել մայիսի 16-18-ը անցկացված «Yerevan Open» միջազգային մրցաշարում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Բազմամարտում 78,932 միավորով ոսկե մեդալը նվաճել է երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, 15-ամյա Համլետ Մանուկյանը։ Արծաթե մեդալակիր է դարձել երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը։
 
Ազատ վարժություններում ոսկե մեդալակիր է դարձել Մամիկոն Խաչատրյանը (13,033), որն առաջին տեղն է զբաղեցրել նաև նժույգ թափեր վարժությունում (14,066):
Համլետ Մանուկյանը (13, 433) ոսկի է նվաճել նաև օղակներ վարժությունում։
Զուգափայտեր վարժությունում էլ ոսկի է նվաճել երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Էրիկ Բաղդասարյանը։
 
Մրցաշարին մասնակցել են նաև Բելառուսի, Ուզբեկստանի, Լեհաստանի ներկայացուցիչները։
Թիմային մրցաշարի պայքարում Հայաստանի երիտասարդական հավաքականը 157, 897 միավորով զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Երկրորդ տեղում Ուզբեկստանի հավաքականն է` 145, 397 միավորով, իսկ երրորդը Լեհաստան է` 142,43 միավորով։
Մեդալների հանձնման արարողության ժամանակ պատանի մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը և Էրիկ Բաղդասարյանը ստացել են ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում։

  • Կիսվել: