Զինծառայողների ծնողները պահանջում են 1,5 տարվա զինծառայությունը տարածել նաև մյուսների վրա. Ակցիա կառավարության դիմաց
Զինծառայողների ծնողներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ կառավարության շենքի առջև և պահանջում, որպեսզի 2025 թվականին բանակ զորակոչվածների ծառայության ժամկետը ևս կրճատվի և երկու տարվա փոխարեն ծառայեն 1,5 տարի, այսինքն 2025 թվականի ձմեռային զորակոչից զինվորական ծառայության ժամկետը 18 ամիս դարձնելու որոշումը հետադարձ ուժ ունենա և տարածվի նաև նույն զորակոչի ժամանակ ծառայության մեկնած զինծառայողների վրա։
«Ժամկետը կրճատեցին, սարքեցին 1,5 տարի՝ նախկին երկու տարվա փոխարեն, բայց օրենքին չտվեցին հետադարձ ուժ, որպեսզի դա ազդի նաև 2025 թվականի ամառային զորակոչի վրա։ Գրել ենք նամակներ, դիմումներ ու բոլորս նույն պատասխանն ենք ստացել, որ օրենքը չունի հետադարձ ուժ։ Միևնույն ժամանակ վերջերս ականատես եղանք նոր օրենքի հրապարակման, Շանհայի վարկանիշային 50 բուհեր ընդունվածներն ազատվում են զինծառայությունից առհասարակ, եթե գալիս են հայրենիք ու աշխատում են երեք տարի։ Դրան տվեցին հետադարձ ուժ, սակայն զինծառայության ժամկետի կրճատման մասին օրենքին ոչ մի կերպ չեն կարողանում ազդել»,-ասել է ծնողներից մեկը՝ հավելելով, որ անհավասարություն է այն, երբ համադասարանցիները նույն տարում գնացել են բանակ, սակայն մեկը կես տարի շուտ է գալու, իսկ մյուսը կես տարի ուշ։
Ըստ ծնողների, եթե օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենալ, գոնե արձակուրդներն ավելացնեն ու այդպես ծառայության ժամկետը հավասարեցնեն 1,5 տարվա։
Նրանք ասացին, որ իրենց որդիներն այս պահին դիրքերում են, տեղյակ չեն, որ իրենք այստեղ են. «Մեր տղաները ոչ նվնվում են, ոչ դժգոհում, մենք՝ որպես ծնող, մտածում ենք, որ անարդար է, անհավասարություն է»։
Մեկ ուրիշն էլ նշեց. ««Իմ որդին գնացել է 2025 թ. հուլիսի 14-ին, 2026 թ. հունվարի 7-ին գնացած երեխան իրենից ավելի շուտ է զորացրվելու, իսկ օգոստոսի 15-ին գնացած տղան մեկ ամիս էլ մնալու է զորամասում՝ նայելով, թե ինչպես են զորացրվում իրենից ուշ գնացածները»։


