երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
«Ընտրե՛ք պահանջված մասնագիտություններ, որոնք նաև կարևոր կլինեն մեր երկիրը հզորացնելու համար». Արաքսիա Սվաջյանը՝ շրջանավարտներին

«Ընտրե՛ք պահանջված մասնագիտություններ, որոնք նաև կարևոր կլինեն մեր երկիրը հզորացնելու համար». Արաքսիա Սվաջյանը՝ շրջանավարտներին

Հանրակրթական դպրոցներում այսօր հնչել է ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ, Երևանի թիվ 181 հիմնական դպրոցների ավարտական միջոցառումներին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Նախարարի տեղակալը շնորհավորել է շրջանավարտներին, նրանց մաղթել հաջողություններ, ձեռքբերումներ և նպատակների իրականացում:

«Սիրելի՛ շրջանավարտներ, հույս ունեմ, որ դուք արդեն կողմնորոշվել եք ձեր ապագա մասնագիտության ընտրության հարցում: Վստահ եմ, որ դպրոցում ձեռք բերած կարողությունները, հմտությունները ու գիտելիքները, մանկավարժների խորհուրդները, ծնողների աջակցությունն օգնելու են ձեզ կողմնորոշվելու և հաջողությունների հասնելու ճանապարհին: Բոլորիդ մաղթում եմ՝ ընտրել պահանջված մասնագիտություններ, որոնք նաև կարևոր կլինեն մեր երկիրը հզորացնելու համար»,- շնորհավորական խոսքում նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ հաջողություն մաղթելով շրջանավարտներին ավարտական և բուհական ընդունելության քննություններում։

Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին և ծնողներին՝ առանձնահատուկ շեշտելով, որ շրջանավարտների ներկա և ապագա հաջողություններում ու ձեռքբերումներում մեծ է նրանց ներդրումը.

«Ձեր ամենօրյա անդադար աշխատանքի արդյունքում այսօր այստեղ կանգնած են ուժեղ, խելացի, ապագայի հանդեպ պատասխանատվություն ու պատկերացումներ ունեցող շրջանավարտներ»:

Ավարտական միջոցառումների ընթացքում շրջանավարտները երախտիքի ու սիրո խոսքեր են ուղղել ուսուցիչներին, դպրոցին, ընկերներին։

Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցն այս տարի ունի 7 ավարտական դասարան՝ 137 շրջանավարտով: Երևանի թիվ 181 հիմնական դպրոցը մեծաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցներից է՝ ունի 2300 աշակերտ, որոնցից 225-ն այս տարի ավարտում է 9-րդ դասարանը:

Ավարտական միջոցառումներին ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը:

  • Կիսվել: