ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ընդունելություն՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ-ի լիիրավ անդամակցության 10-ամյա հոբելյանի կապակցությամբ

Ընդունելություն՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը ՀՀ-ի լիիրավ անդամակցության 10-ամյա հոբելյանի կապակցությամբ

Ապրիլի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցության 10-ամյա հոբելյանին նվիրված ընդունելություն, որին ներկա էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի դիվանագիտական և քաղաքական հարցերով հատուկ խորհրդական, դեսպան Դեզիրե Նյարուհիրիրան։ Ընդունելությանը ներկա էին նաև բարձրաստիճան հյուրեր ՀՀ տարբեր նախարարություններից, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, հավատարմատարներ, Հայաստանում գործող ֆրանսիական հաստատությունների ղեկավարներ, գիտակրթական ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը՝ վերահաստատելով Հայաստանի ամուր կապվածությունը ֆրանկոֆոն աշխարհին և գոհունակությամբ ընդգծելով ֆրանկոֆոն մշակույթի մեծ նշանակությունը հայ հասարակության կյանքում։ Նա միաժամանակ անդրադարձավ Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի՝ 2018 թվականից ստանձնած նախագահությանը, որն ավարտվում է այս տարվա նոյեմբերին։

Խոսքով հանդես եկավ նաև Դեզիրե Նյարուհիրիրան, որը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անունից ջերմորեն շնորհավորեց Հայաստանին տասնամյա լիիրավ անդամակցության հոբելյանի կապակցությամբ՝ դրվատանքով ընդգծելով Հայաստանի և Կազմակերպության օրինակելի հարաբերություններն ու բացառիկ համագործակցային ոգին։

 

  • Կիսվել: