չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ընդդիմադիր պատգամավորները կդիմեն ՍԴ՝ պատվաստման կամ թեստավորման հրամանի գործողությունը կասեցնելու պահանջով

Ընդդիմադիր պատգամավորները կդիմեն ՍԴ՝ պատվաստման կամ թեստավորման հրամանի գործողությունը կասեցնելու պահանջով

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական դատարան կդիմեն առողջապահության նախարարի հրամանի առնչությամբ։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։ 

«Արդեն իսկ ԱԺ պատգամավորների 1/5-ի ստորագրություններն առկա են՝ շատ հայտնի, քննարկված և հանրության ստվար զանգվածին օբյեկտիվորեն զայրացրած Առողջապահության նախարարի՝ օգոստոսի 26-ի հրամանի առնչությամբ։ Դրա վերաբերյալ դիմելու ենք Սահմանադրական դատարան։

Դիմելով ՍԴ՝ խնդրելու ենք նաև կասեցնել այդ հրամանի գործողությունը»,- ասաց Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանին։

Վարդևանյանն ընդգծեց, որ պատվաստումները կարևոր են, բայց պատվաստվելու որոշումը քաղաքացին անձամբ և գիտակցված պետք է կայացնի։

«Մենք ամեն օր պետք է տեսնենք, թե ինչպես է կառավարությունը սոցիալական գովազդներով, այլ հարթակներում բացատրում, թե ինչի համար է պետք պատվաստվել։ Բայց երբ դրա փոխարեն նվազագույն աշխատավարձի նման ցածր պայմաններում մարդկանց ասում են՝ գնացեք, ձեր գրպանից 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտման ենթարկվեք կամ էլ գնացեք ու պատվաստվեք, ստացվում է հարկադրանք։

Պետությունն ինչո՞ւ չի ուզում այդ ծախսն իր վրա վերցնել։ ՊՇՌ հետազոտման ծախսերը թող պետությունը սուբսիդավորի։ Ի դեպ, սա ՍԴ դիմում ներկայացնելու հիմնավորումներից մեկն է», – ասաց Վարդևանյանը։

Նա հավելեց նաև, որ հավանաբար հենց այսօր իրենց դիմումը կներկայացնեն ՍԴ։

  • Կիսվել: