հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վթարի հետեւանքով զոհված 11-ամյա պատանին Այգեստան գյուղից էր

Վթարի հետեւանքով զոհված 11-ամյա պատանին Այգեստան գյուղից էր

Արտաշատ-Գառնի ավտոճանապարհին մայիսի 27-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով երեկ՝ հունիսի 1-ին, այդպես էլ գիտակցության չգալով մահացած պատանին Ռոբերտ Ասատրյանն է։ Նա 11 տարեկան էր, Արարատի մարզի Այգեստան գյուղից էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց նրա համագյուղացին։

Ռոբերտը զբաղվում էր ըմբշամարտով, դհոլ էր նվագում։ Սովորում էր Այգեստանի միջնակարգ դպրոցում, ուսումնական տարվա ավարտին փոխադրվել էր յոթերորդ դասարան։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Արտաշատից Գառնի տանող ճանապարհի 14-րդ կիլոմետրի հատվածում, դեպի Գառնի գնացող ուղեմասում, միմյանց են բախվել Գառնի գյուղի 42 ամյա բնակչի կողմից վարած «Վոլցվագեն Այդի 4» մակնիշի ավտոմեքենան եւ Վերին Արտաշատի բնակավայրի 38-ամյա բնակչի կողմից վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետեւանքով «Վազ 2106»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի 6 ուղեւորները, որոնց թվում 5-ը՝ երեխաներ, ինչպես նաեւ մյուս ավտոմեքենայի վարորդը, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Երեւան քաղաքի բժշկական հաստատություններ։

«Վազ 2106» ավտոմեքենայով ըմբշամարտի 2 մարզիչները երեխաների հետ մեկնելիս են եղել Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու նպատակով։ Երեխաները ըմբշամարտ էին պարապում Այգեստանում։

  • Կիսվել: