երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
 «Վնաս, որպես այդպիսին, քաղաքը, չի կրել». Տիգրան Ավինյան

«Վնաս, որպես այդպիսին, քաղաքը, չի կրել». Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում նախատեսված ամանորյա միջոցառումներին՝ տեղեկացնելով, որ մի քանի օրից կմեկնարկեն համալիր միջոցառումները. «Այս միջոցառումներն ընդգրկում են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները, իսկ դրանց համերգային հատվածը կենտրոնացված կլինի Հանրապետության հրապարակում և 2750-ամյակին նվիրված պուրակում»։

Նա խոսել է տոնական լուսավորության մասին՝ շեշտելով, որ այս տարի այն լինելու է բացառիկ. «Բոլորը տպավորված են լինելու այն աշխատանքներով, որ իրականացվել են, քանի որ նպատակ ենք ունեցել տոնական մթնոլորտը հասցնել բոլորին՝ բոլոր վարչական շրջաններում։ Այս օրերին քաղաքը հատկապես հյուրաշատ է լինելու՝ հաշվի առնելով մանկական Եվրատեսիլով պայմանավորված հյուրերին»։

Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ տոնական լուսավորությունը քաղաքում կմիանա Եվրատեսիլի բացման արարողությանը զուգահեռ։

Այս համատեքստում փոխքաղաքապետը խոսել է նաև լուսավորության աշխատանքների վերաբերյալ հնչող մտահոգությունների մասին. «Այդ աշխատանքներն իրականացվել են մասնագետների կողմից, շենքերին հետ կապված համաքաղաքացիների անհանգստությունը վստահաբար փարատվելու է, քանի որ աշխատանքային խմբերին ուղղված մեր առաջնային պահանջը եղել է արվող նվազագույն միջամտությունը, հետագայում նաև՝ շենքերի անվնաս վերադարձը նախնական տեսքին։ Ասեմ ավելին, տվյալ թեմայի շուրջ շատ են եղել շահարկումներ, և դեռևս շատ հին ժամանակներից այդ շենքերի վրա տարատեսակ անցքեր, մետաղյա ձողեր են մնացել, որոնց վերացման աշխատանքները նույնպես մեր ուշադրության կենտրոնում են լինելու գարնանը։ Եվ, առհասարակ, պատմամշակութային հուշարձանների հետ կապված մենք գարնանը մեծ ծրագիր ունենք»։

Տիգրան Ավինյանը նաև շեշտել է. «Վնաս, որպես այդպիսին, քաղաքը չի կրել: Այն նկարները, որոնք տարածվել են համացանցում, իրականության հետ գրեթե կապ չունեն։ Այն մեծ փոսերը, մետաղյա ձողերը, զարդանախշի մեջի «բոլտը» մեր կատարած աշխատանքի հետ որևէ կապ չունի։ Ժամանակին այդ շենքերին շատ մեծ վնասներ են հասցրել, և դրանք նույնպես այս ընթացքում մենք արձանագրել ենք, ու գարնանը պատրաստվում ենք դրանց անդրադառնալ»:

  • Կիսվել: