Վերահսկողական գործառույթների ընդլայնումից ի վեր 60 դիմում-բողոք է ստացվել․ ԱԱՏՄ
Հուլիս ամսից սկսած՝ աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ուղղությամբ ԱԱՏՄ վերահսկողական գործառույթների ընդլայնումից ի վեր, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ստացել է շուրջ 60 դիմում-բողոք, որոնց գերակշիռ մասի դեպքում հարուցվել է վարչական վարույթ։
Աշխատանքային իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ դիմումների ամենամեծ մասը՝ շուրջ 3 տասնյակ, վերաբերել է աշխատողի հետ վերջնահաշվարկ չկատարելուն, մոտ 1 տասնյակը՝ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի աշխատավարձի չվճարման հարցերին։
Աշխատանքային իրավունքին առնչվող այլ բնույթի հարցեր եւս ստացվել են։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է դիմում-բողոքներ ստանալ աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ:
Դրանց ընթացք է տրվում գրավոր դիմումի առկայության դեպքում․ տեսչական մարմինն այդ դեպքում իր կանոնադրական գործառույթների շրջանակներում վերահսկողություն է իրականացնում աշխատանքային իրավահարաբերությունների ոլորտում, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում կիրառում պատասխանատվության միջոցներ։
Ուշագրավ է, որ դիմումատուների զգալի մասն աշխատանքային իրավունքին առնչվող իր բողոքը ներկայացնում է իր և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունների ավարտից հետո։
ԱԱՏՄ թեժ գծի հեռախոսահամարն է 8107։ Դիմում-բողոքները կարելի է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով։