կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Վազգեն Մանուկյանը վաճառել է «Լոռվա ամրոցի» բաժնեմասը

Վազգեն Մանուկյանը վաճառել է «Լոռվա ամրոցի» բաժնեմասը

Շրջակա միջավայրի նախարարությունը թույլ չի տալիս նոր ՀԷԿ կառուցել Ձորագետի վրա:
 
Լոռիում երկու նոր հիդրոէլեկտրակայաններ կառուցելու համար շրջակա միջավայրի նախարարությունը որոշել է ջրային թույլտվություններ չտրամադրել։ Հայտը մերժվում է արդեն երկրորդ անգամ։ Այդ հիդրոէլեկտրակայանները կառուցող ընկերությունում բաժնեմաս ունի նաև նախկին վարչապետ, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, գրում է 1lurer.am-ը։
 
Անցյալ տարվանից մեկնարկել էր Լոռու մարզի Ձորագետ գետի վրա «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ի կողմից երկու նոր փոքր հիդրոէլեկտրակայաններ կառուցելու գործընթացն ու մշակվում էր ջրօգտագործման թույլտվության նախագիծ։ «Լոռիբերդ 1» և «Լոռիբերդ 2» փոքր հիդրոէլեկտրակայանները կառուցվելու էին մարզի Կուրթան և Ագարակ համայնքներում և անցյալ տարի «Լոռվա ամրոցը» սկսել էր ՀԷԿ-երի համար անհրաժեշտ հողերի ձեռքբերման ու կատեգորիայի փոփոխման գործընթացը։ «Լոռվա ամրոցի» 80 տոկոսը պատկանում էր Երևանի բնակիչ Սամվել Հունանյանին, իսկ 20 տոկոսը՝ Վազգեն Մանուկյանին։ Վերջինս բաժնեմասը ձեռք է բերել 2011-ին՝ Հանրային խորհրդի նախագահ լինելու տարիներին։ Անցյալ տարի և այս տարի սակայն բաժնեմասերի փոփոխություններ են կայացել «Լոռվա ամրոց»-ում. մասնավորապես անցյալ տարվա մարտին Վազգեն Մանուկյանն իր 20 տոկոս բաժնեմասն օտարել է 80 տոկոսի սեփականատիրոջը՝ Սամվել Հունանյանին և վերջինս անցյալ տարվանից դարձել է միանձնյա բաժնետեր։ Մեկ ամիս առաջ Հունանյանն իր բաժնեմասերի 80 տոկոսը փոխանցել է «Էներգո հէկ շին» ՍՊԸ-ին, ով ներկայում «Լոռվա ամրոցի» հիմնական բաժնետերն է։ «Էներգո հէկ շին»-ի միակ մասնակիցը Լիլիթ Հովհաննիսյանն է, որը նաև «Ամբերդ հէկ»-ի փոքր բաժնետերերից է` 4.76 տոկոսի չափով։ 
 
Ինչ վերաբերում է «Լոռվա ամրոցին», այս ընկերությունում հիմնադրումից ի վեր բաժնեմասեր են ունեցել նաև Վազգեն Մանուկյանի նախկին օգնական, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը, տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո)։ 
 
Ջրօգտագործման թույլտվության մերժման հիմքերի մասին ոչինչ հայտնի չէ։ Առանց այս երկու հիդրոէլեկտրակայանների էլ, սակայն, Ձորագետը ծանրաբեռնված է։ Գետի վրա արդեն իսկ գործում են «Ձորահէկ»-ը, որի մասնավորեցման հետ կապված քրգործ է քննվում, «Կաթնառատ», «Ձորագետ 5», «Ձորագետ 6» ՓՀԷԿ-երը, որ պատկանում են Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանին։ 
 
«Հայկական բնապահպահպանական ճակատը» մի շարք առարկություններ էր ներկայացրել շրջակա միջավայրի նախարարություն՝ կապված ջրթույլտվության հետ։ Բնապահպան Լևոն Գալստյանը «Լուրերի» հետ զրույցում ասաց՝ նախարարի համապատասխան հրամանների տեքստը չեն ներկայացրել, և հիմքերը դեռ պարզ չեն։ «Երկու հիդրոէլեկտրակայանները միասին գետի վրա ունենալու էին 19 կիլոմետրանոց խողովակաշար, իսկ Ձորագետի վրա արդեն 4 հէկ-եր կառուցված են, հինգերորդն էլ արդեն քանի տարի է՝ կառուցման ընթացքի մեջ է»,- ասում է Գալստյանը։ «Հայկական բնապահպանական ճակատի» առարկություններից մյուսը վերաբերում է ջրօգտագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի բացակայությանը։ 
 
«Որքան հասկանում եմ, եթե «Լոռիբերդ  1», «Լոռիբերդ 2» հիդրոէլեկտրակայաններն էլ կառուցվեն, Ձորագետի 50 տոկոսը կլինի խողովակների մեջ, իսկ կառավարությունը նոր որոշում ունի, որ գետի 40 տոկոսը չի թույլատրվում վերցնել խողովակների մեջ»,- նշում է բնապահպանը։
 
«Լոռվա ամրոցը» Ագարակում ու Կուրթանում 2014-2015 թվականներին հասցրել է մի շարք հողամասեր վարձակալությամբ վերցնել. այսպես՝ Լոռի բերդի համայնքապետ Խաչատուր Բալայանի որոշմամբ 2015-ին 1.7 հեկտար մակերեսով հողամաս է տրամադրվել «Լոռվա ամրոցին»՝ հիդրոէլեկտրակայանի կառուցման, մասնավորապես, խողովակաշարի անցկացման համար։ Սերվիտուտի տարեկան վճարը կազմել է 200.000 դրամ։ Նույն համայնքի ավագանին 2014-ին 2 հեկտար տարածք էր տրամադրել ընկերությանը՝ 100.000 դրամով։ 

  • Կիսվել: