շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վարդերը տեղ հասան. «Հրապարակ»

Վարդերը տեղ հասան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի երբեմնի ըմբոստ համայնքապետերի եւ իշխանությունների հարաբերություններն այնքան կառուցողական հուն են մտել, որ երբեմնի ընդդիմադիր քաղաքապետերը պետության հովանու ներքո բարգավաճում են, փող աշխատում, բիզնեսներ դնում, տենդերներ շահում: Սյունիքի համայնքապետերից առաջինը «կոտրվեց» Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, ով վարդերի փնջով դիմավորեց Աննա Հակոբյանին։ Նրա օրինակին հետեւեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը` նա էլ Նիկոլ Փաշինյանին ջերմ դիմավորեց: Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանն ավելի վաղ էր ՔՊ-ի «կրոնն ընդունել»:

Այս համայնքապետերի գործերն արդեն լավացել են: Օրինակ, Փարամազյանն ակտիվ ներգրավված է կոմբինատի հումքի տեղափոխման գործում: Ժամանակին կոմբինատի տրանսպորտային փոխադրումներն Արթուր Վանեցյանի եղբոր ընկերությունն էր իրականացնում, հիմա դրանով զբաղվում է Մանվել Փարամազյանին պատկանող ավտոպարկը: ԶՊՄԿ-ի մատակարարումներից, առհասարակ, շատերն են սնվում. առյուծի բաժինը, իհարկե, ՔՊ-ական Նարեկ Բաբայանինն ու նրա մտերիմներինն է:

Երեկ Փարամազյանն այս մասին մեր հարցերից վրդովվեց՝ ըստ էության հաստատելով մեր տեղեկությունները․ «Այսօր այնքան խնդիր կա, որ ուրիշ բան չկա՞, դրանով եք զբաղվում, ոնց որ էշը կորցրած, ընգած փալանի հետեւից․․․»: Եվ հորդորեց ԶՊՄԿ-ին ուղղել մեր հարցերը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: