Վարչապետի հանձնարարությամբ պետք է ապրիլի սկզբին մեկնեմ Սիրիա. Զարեհ Սինանյան
Միջինարևելյան երկրներում գտնվող հայ համայնքները շարունակում են մնալ վտանգված՝ պայմանավորված անվտանգային, տնտեսական , սոցիալական մի շարք հարցերով։
Հրավիրված ասուլիսում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում են հատկապես Սիրիան ու Լիբանանը։
«Սիրիայում գիտենք, որ ռազմական առճակատման վտանգ այս պահին չկա, սակայն մարդիկ ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման են սպասում։ Ամեն դեպքում, այնտեղ դեռ անկայուն է վիճակը։ Վարչապետի հանձնարարությամբ պետք է ապրիլի սկզբին մեկնեմ Սիրիա։ Ասեմ, որ երբ սկսվեց հարձակումը Հալեպի ուղղությամբ, այդ օրերին ճգնաժամ առաջացավ։ Մեր հայրենակիցներից դիմումերի մեծ քանակ կար։ Նրանք խնդրում էին իրենց տարհանել Սիրիայից։ Բնականաբար լոգիստիկ իմաստով հնարավոր չէր, մանավանդ, որ այնտեղ ռազմական գործողություններ էին տեղի ունենում։ Դրանից մեկ շաբաթ հետո էլ Դամասկոսն ընկավ։ Սկզբնական օրերին 40 հայ կարողացավ անցնել Լիբանան, հետո տեղափոխվել Հայաստան։ Դրանից հետո համարյա ամբողջ հոսքը կանգնեց, բայց վերջին մեկ ամսվա ընթացքում տեսնում ենք սիրիահայերի կայուն հոսք դեպի Հայաստան։ Նախորդ տարվա դեկտեմբերի սկզբից 200-ից ավելի սիրիահայ եկել է Հայաստան»,-ասաց Զարեհ Սինանյանը։
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նշեց, որ շարունակում են վտանգված համարել Լիբանանը, որտեղ կենցաղային պայմանների էական բարելավում տեղի չի ունեցել։ Կա մեր հայրենակիցների արտահոսքի հավանականություն։ Զարեհ Սինանյանի խոսքով՝ իրենց ցանկությունն է այնպես անել, որ այդ արտահոսքը լինի դեպի Հայաստան։ Տեղում ինտեգրման կենտրոնը շատ ակտիվ աշխատում է մեր հայրենակիցների հետ։ Զարեհ Սինանյանը նկատեց, որ լիբանանահայերի վիճակը ֆինանսական իմաստով շատ ծանր է։