Ուկրաինայում ՀՀ դեսպանը՝ տեղի հայ համայնքի, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակի և այլ հարցերի շուրջ
Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն «Օրեր» եվրոպական ամսագրին հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է Ուկրաինայում կորոնավիրուսի դեմ պայքարին, մասնավորապես՝ այն հարցին, թե որքանո՞վ է հաջողվել ուկրաինական իշխանություններին կասեցնել դրա հետագա տարածումը։
Դեսպանը նշել է, որ Ուկրաինայում COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը դեռ զարգացման փուլում է և խոսել դրա հետագա տարածման կասեցման մասին առայժմ վաղաժամ է։
Նրա խոսքով՝ մասնագետները կարծում են, որ պիկային շրջանը կլինի մայիսին, թեպետ այս պահին վարակվածների թիվն ըստ օրերի կայուն է և նույնիսկ իջնում է։ Ապրիլի 20-ի դրությամբ երկրում արձանագրվել է 5,710 վարակակիր, որից 151-ը մահացել է, 359-ն ապաքինվել, կատարվել է 58,093 թեստավորում։ Մեկ միլիոն բնակչի հաշվարկով թեստավորման թիվը կազմում է 1,328, որն այդքան էլ մեծ թիվ չէ վարակվածների իրական պատկերն ունենալու համար։
Ինչևէ, Ուկրաինայի իշխանությունները, ըստ դեսպանի, բավականին լուրջ միջոցառումներ են իրականացնում վարակի հետագա տարածումը կասեցնելու համար, մտցվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ, առայժմ մինչև ապրիլի 24-ը, սակայն կասկած չունեմ, որ այն երկարաձգվելու է։ Միջոցառումները և արգելքները համանման բնույթ են կրում Հայաստանի հետ, սակայն տարբերությունն այն է, որ եվրոպական երկրներից, Ռուսաստանից հատկապես ցամաքային ճանապարհով վերադարձածների թիվն այնքան մեծ է (որոշ տվյալներով՝ ավելի քան 1,2 միլիոն մարդ), որ բոլորի վերահսկումն իսկապես ահռելի մարտահրավեր է կառավարության համար։
Սեյրանյանն ասաց, որ դրականն այն է, որ Ուկրաինայի կառավարությունը կարողացավ արագ կազմակերպել վարակի դեմ պայքարի անհրաժեշտ պարագաների, բժշկական սարքավորումների և դեղամիջոցների ներկրումն ու արտադրությունն, իսկ որոշ դեպքերում նաև օգնել այլ պետությունների, օրինակ Իտալիային։ Ուկրաինական բեռնատար ավիացիան մեծաքանակ բեռներ է տեղափոխել Չինաստանից նաև Չեխիայի Հանրապետություն։ Այս պահին, տարրական պաշտպանիչ և ախտահանիչ միջոցների դեֆիցիտ գրեթե չկա, չնայած դրանց գները շուկայում աճել են։ Պարենի պակաս էլ չկա և հուսամ երկիրը կխուսափի այդ դեֆիցիտից ևս։
Դեսպանն անդրադարձել է այն հարցին, թե Ուկրաինայում վարակվածների շրջանում կա՞ն արդյոք հայեր, և եթե կան, ինչպիսին է նրանց առողջական վիճակը։
՛՛Նախ նշեմ, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է թե անմիջապես մեր քաղաքացիների և հայրենակիցների հետ, թե համայնքային կառույցների հետ՝ ընդհանուր գնահատելով ՀՀ քաղաքացիների և հայ համայնքի վիճակը համավարակի հետևանքով առաջացած մարտահրավերների համատեքստում և փորձելով հնարավորության սահմաններում աջակցություն տրամադրել կամ համակարգել աջակցության տրամադրումը մեր հայրենակիցներին՛՛-ասաց նա:
Դեսպանն ասաց, որ ըստ Ուկրաինայի հայերի միության (ՈւՀՄ) տվյալների՝ Խերսոնի մարզում վարակված է չորս հոգուց բաղկացած հայ մեկ ընտանիք, ովքեր հանդիսանում են Ուկրաինայի քաղաքացիներ: Վերջիններիս վիճակը բարվոք է, եթե չեմ սխալվում, նույնիսկ արդեն դուրս են գրվել բուժհաստատությունից։ Խերսոնի հայերի միության նախագահը մշտական կապերի մեջ է այդ ընտանիքի հետ։
Սեյրանյանի խոսքով՝ մամուլում եղան նաև տեղեկություններ, որ COVID-19-ով է վարակվել խորհրդարանի՝ Գերագույն ռադայի հայկական ծագում ունեցող մի պատգամավոր։
Դեսպանը նշեց, որ Հայաստանի քաղաքացիների շրջանում վարակակիրների մասին իրենք տեղեկություններ չունեն, բայց Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը պաշտոնապես դիմել է երկրի գլխավոր համաճարակաբանին՝ ՀՀ քաղաքացիների վարակման դեպքում իրենց դիվանագիտական ներկայացուցչությանը տեղեկություններ հաղորդելու խնդրանքով։
Դեսպանը խոսեց նաև այն մասին, թե ինչ օգնություն է ցույց տվել Հայաստանի դեսպանությունը Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիներին, և ՀՀ քանի՛ քաղաքացի է դեռևս մնացել Ուկրաինայում, որ ցանկություն է հայտնել մեկնել Երևան։
Սեյրանյանը նշեց. ՛՛Դեսպանության հետ կապ է հաստատել և հյուպատոսական հաշվառման կանգնել 125 ՀՀ քաղաքացի, ներառյալ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում: Ուկրաինայում տարբեր երկրների հետ օդային և ցամաքային հաղորդակցության սահմանափակումներն ուժի մեջ մտան մարտի 17-ից, ինչի հետևանքով թե՛ տեսականորեն, և թե՛ գործնականորեն հնարավոր չէ անմիջապես կազմակերպել Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մեր քաղաքացիների վերադարձը հայրենիք: Նման խնդիրները կապված են նաև տեղափոխման առողջապահական անվտանգության ռիսկերի հետ: Այնուամենայնիվ, մեր կողմից շարունակական ջանքեր են գործադրվում՝ մեր քաղաքացիների վերադարձը հայրենիք կազմակերպելու ուղղությամբ՛՛:
Այսպես, դեսպանի խոսքով, մարտի 25-ին Հայաստանում Ուկրաինայի դեսպանության հետ համագործակցության շրջանակներում հնարավոր եղավ կազմակերպել ուկրաինական SkyUp ավիաընկերության չարտերային չվերթ Կիևից Երևան, որով Հայաստան մեկնեցին 58 ՀՀ և 2՝ Հայաստանում բնակության իրավունք ունեցող Ուկրաինայի քաղաքացիներ։ Հակառակ ուղղությամբ օդանավն Ուկրաինա բերեց 92 ուղևոր։
Սեյրանյանն ասաց, որ այսօր 100-ից ավելի հայաստանցիներ և Հայաստանի քաղաքացիների ընտանիքների օտարերկրյա անդամներ ցանկություն ունեն Հայաստան մեկնելու։
՛՛Ըստ ուկրաինացի մեր գործընկերների մեզ տրամադրված տեղեկատվության՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությունում նույնպես կան ցուցակագրված անձինք, ովքեր ցանկանում են վերադառնալ Ուկրաինա: ՈւՀՄ ակտիվ ներգրավմամբ աշխատում ենք ևս մեկ չարտերային թռիչք կազմակերպելու ուղղությամբ և ներկայումս գտնվում են առկա լոգիստիկ և տեխնիկական խնդիրների լուծման, համապատասխան թույլտվությունների ձեռքբերման փուլում։ Այս առումով ամենօրյա ռեժիմով բոլոր քայլերը համակարգում ենք պարետատան հետ՝ ՀՀ ԱԳՆ միջոցով՛՛,-ասաց նա:
Դեսպանի խոսքով՝ ինչպես և ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում, այնպես էլ Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունում և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունում գործում են շուրջօրյա հասանելիությամբ թեժ գծեր։ Facebook-ի դեսպանության էջում անհրաժեշտ պարբերականությամբ նորություններ են հրապարակվում, տեղեկություններ Հայաստանում և Ուկրաինայում կարանտինային ռեժիմի մանրամասների, կարգերի մասին։ ՛՛Օրական 100-ից ավելի զանգերի ենք սպասարկում, որը բացի լարված աշխատանքային ռեժիմի պահանջում է նաև լուրջ հոգեբանական պատրաստվածություն, քանի որ զանգերի բովանդակությունը շատ հաճախ կապված է մարդկային տարբեր պատմությունների հետ, իսկ երբեմն էլ, ցավոք, անցնում քաղաքավարության սահմանները՛՛,-ասաց Սեյրանյանը:
Միաժամանակ, ըստ նրա, հյուպատոսական հիմնարկների կողմից շարունակվում է այն հյուպատոսական ծառայությունների մատուցումը, որոնք կապված չեն կարանտինային սահմանափակումների հետ։
Նա նշեց, որ այս օրերին առանձնակի կարևորություն ունի հայ համայնքի հետ իրենց համագործակցությունը։ Դեսպանն ասաց. ՛՛ՈւՀՄ-ն տարածքային կազմակերպություններ ունի Ուկրաինայի բոլոր մարզերում։ Եթե որևիցե հայի մոտ խնդիր է առաջանում և մենք տեղեկություն ենք ստանում մեր թեժ գծի միջոցով, և եթե տվյալ անձը դեսպանության, Օդեսայում գլխավոր հյուպատոսության, Խարկիվում, Տերնոպիլում կամ Չերկասիում Հայաստանի պատվավոր հյուպատոսությունների անմիջական հասանելիությունից դուրս են, ապա դիմում ենք տեղի հայկական միություններին և նրանք հնարավոր օգնությունն են առաջարկում մեր հայրենակիցներին։ Այդպիսի գործակցության փայլուն օրինակներ կան Զապորիժժյայի, Անդրկարպատյան, Լուհանսկի, Սումիի, Դոնեցկի մարզերում, Կիևում, Օդեսայում։ Թող ներեն նրանք, ում միգուցե մոռացա նշել։
Դեսպանությունը շնորհակալ է Կոնտինենտ1 համատեղ տրանսպորտային ընկերությանն ալկոգելի արտադրության համար անհրաժեշտ նյութ Հայաստան տեղափոխելու համար։
Ամեն դեպքում, անխտիր բոլորը պատրաստակամ են օգնության ձեռք մեկնելու և սատար կանգնելու Հայաստանի Հանրապետության կառավարությանն այս մարտահրավերի հասցեագրման գործում՛՛։
Խոսելով տեղի հայկական համայնքների վիճակի մասին՝ Սեյրանյանն ասաց, որ համայնքն իրականում հսկայական աշխատանք է կատարում։ ՛՛Համավարակի հենց սկզբից ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը դիմել էր ուղերձով, որպեսզի Ուկրաինայում բնակվող հայերը մոբիլիզացվեն, էլ ավելի համախմբվեն և օգնեն միմյանց։
Պետք է նշել, որ այդ օգնությունը դուրս է գալիս համայնքի շրջանակներից. հայերն օգնում են ոչ միայն կարիքավոր հայրենակիցներին, այլև տեղի ազգաբնակչությանը, բուժհիմնարկներին։ Բոլոր տարածքային կազմակերպություններն անում են դա։ Մի մասի օգնությունն առավել տեսանելի է սոցիալական ցանցերով, օրինակ՝ Զապորիժժյայի կազմակերպության աշխատանքը, Օդեսայինը, Ժիտոմիրինը, Դոնեցկինը։ Տերնոպիլում մեր պատվավոր հյուպատոսը մեծ օգնություն է տրամադրել տեղի իշխանություններին։ Չերկասիում ՀՀ պատվավոր հյուպատոսը շոշափելի օժանդակություն է ցուցաբերում իր հայրենի Իջևանում։ Կան նաև ազգությամբ հայ անհատներ, ովքեր օգնություն են ցուցաբերել տեղի հիվանդանոցներին՛՛,-նշեց նա։
Դեսպանն ասաց նաև, որ, օգտվելով առիթից, ցանկանում է շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր աջակցեցին իրենց դեսպանությանը՝ անձնակազմին ապահովելով անհրաժեշտ պաշտպանիչ պարագաներով։


