հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Թուրքիան ուզում է հերթական ցեղասպանությունը գործել. քրդական համայնքն ակցիա իրականացրեց

Թուրքիան ուզում է հերթական ցեղասպանությունը գործել. քրդական համայնքն ակցիա իրականացրեց

Հայաստանում քրդական համայնքը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա է անում ընդդեմ թուրքական ագրեսիայի և Սիրիայում թուրքական կողմի գործողությունների։ Քրդական համայնքի ներկայացուցիչները քայլերթով ու ավտոերթով Երևանի Հանրապետության հրապարակից «Թուրքիա՛, տեռորի՛ստ» վանկարկելով ՄԱԿ–ի գրասենյակի մոտ գնացին։

Նշենք, որ նոյեմբերի 13-ի ցերեկը Ստամբուլում պայթյուն էր որոտացել։ Զոհվել էր 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ պայթյունի հետևում կանգնած են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) և քրդական Ժողովրդի պաշտպանության ջոկատները: Նոյեմբերի 20-ին Թուրքիայի ԶՈւ–ն Սիրիայի և Իրաքի հյուսիսում օդային գործողություններ է իրականացրել քրդական խմբավորումների դեմ` ոչնչացնելով 89 թիրախ։

«Մեր ձայնն ենք բարձրացնում ընդդեմ թուրքական իշխանությունների կատարած ոճրագործությունների` Սիրիայում ապրող և ընդհանրապես քուրդ ժողովրդի նկատմամբ։ Մենք ականատես եղանք, որ թուրքական իշխանությունները Ստամբուլում պայթյուն ստեղծեցին, որի հետևանքով զոհեր եղան, իսկ դրանից հետո հայտարարեցին, թե այս գործի մեջ քրդերն են մեղավոր։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, թե պետք է բոլոր քրդերին ոչնչացնեն, իբրև թե նրանք տեռորիստ են, բայց աշխարհի ամենահզոր տեռորիստը թուրքերն են»,–ասաց ՀՀ–ում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը։

Հասանովի խոսքով` Թուրքիան նպատակ է դրել հերթական ցեղասպանությունը գործել` ոչնչացնելով աշխարհի 40-50 միլիոնանոց քուրդ ժողովրդին, ուստի իրենք հավաքվել են ՄԱԿ-ի գրասենյակի առջև` կոչ անելով բռնել թուրքական իշխանությունների ցեղասպան ձեռքը։

Հասանովը նշեց, որ նույն քայլերն Ադրբեջանն է անում հայ ժողովրդի նկատմամբ` ամեն օր հայտարարելով, թե հայկական ԶՈւ–ն գնդակոծում է իրենց դիրքերը, սակայն որոշ ժամանակ անց Ադրբեջանը հարձակվում է և ՀՀ ինքնիշխան տարածքներն օկուպացնում։ Նրա խոսքով` իրենք նաև հայ ժողովրդի պաշտպանության համար են ահազանգում` կոչ անելով միջազգային հանրությանն ու կառույցներին` չլռել և քայլեր ձեռնարկել։

  • Կիսվել: