շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թունելի վերջում լույսը երևում է. Թունյանը՝ կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի մասին

Թունելի վերջում լույսը երևում է. Թունյանը՝ կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի մասին

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի կարծիքով՝ պարետ Տիգրան Ավինյանն այսօր ԱԺ-ում մի կարևոր տվյալ ասաց։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: Թունյանը համոզված է, որ թունելի վերջում լույսը երևում է, ու որքան շատ տանը մնանք, այնքան շուտ տանից դուրս կգանք:

Պատգամավորի գրառումն ամբողջությամբ՝ ստորև. ՛՛Պարետ Տիգրան Ավինյանը այսօր ԱԺ-ում մի կարևոր տվյալ ասաց։ Բայց մի քիչ ետ գնամ։

Ուրեմն կա վարակի տարածման գործակից՝ R, որը ցույց է տալիս, թե մեկ մարդը միջինում քանի հոգու է վարակում։

Եթե R-ը 2-ից մեծ է, ամեն վարակակիր իր հերթին 2-ից ավելի մարդու է վարակում, ուրեմն վարակը տարածվում է երկրաչափական պրոգրեսիայով։ Պարզ ասած, դա վատ է։

Մոտ 20 օր առաջ Հայաստանում R-ը մեծ էր 2-ից։
Արտակարգ դրություն հայտարարելուց և սահմանափակումներ մտցնելուց հետո այն սկսեց նվազել։

Ապրիլի 5-ին Ավինյանը հայտարարեց, որ R-ը նվազել է մինչև 1.4, և հույս հայտնեց, որ կհաջողվի այն նվազեցնել և իջեցնել 1-ից ցածր արժեքի։ Դա կնշանակեր, որ վարակի տարածումը կառավարելի է, և կարելի է կամաց-կամաց մտածել սահմանափակումները աստիճանաբար վերացնելու և բնականոն կյանքի վերադառնալու մասին։

Այսօր Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ R-ը նվազել է մինչև 0.8-0.9: Ըստ այդմ, տնտեսական գործունեության որոշ տեսակներ կթույլատրվեն։

Իսկ եթե R-ը հաջողվի ավելի նվազեցնել՝ հասցնել 0.5-ից էլ ներքև, ապա կարող ենք մտածել սահմանափակումները ամբողջությամբ վերացնելու մասին՝ միաժամանակ պահպանելով զգուշավորությունը և պատահակաի թեստեր անելով։

Ամփոփելով՝ մեր բոլորիս նպատակն է R-ը հնարավորինս արագ նվազեցնել (վարակի տարածման տեմպը թուլացնել):
Իսկ դրա համար ընդամենը պետք է մնալ տանը և հետևել արտակարգ ռեժիմի կանոններին։

Թունելի վերջում լույսը երևում է, ու որքան շատ տանը մնանք, այնքան շուտ տանից դուրս կգանք՛՛:

  • Կիսվել: