չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Ծնվել է պատերազմում անմահացած Արման Մանուկյանի եղբայրը

Ծնվել է պատերազմում անմահացած Արման Մանուկյանի եղբայրը

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արման Մանուկյանի եղբայրը:

Արմանը տան միակ զավակն էր: Նա ժամկետային ծառայության էր զորակոչվել Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղից: Արդեն ժամկետային ծառայության ընթացքում էր հասկացել որ դեռ երկար շարունակելու է համազգեստ կրել:

Մայրը՝ Հրանուշ Գալստյանը, պատմում է. «Ինքը մեր միակ զավակն էր, հայրը միշտ դեմ է եղել, որ ինքը զինվորական դառնար ու միշտ ծիծաղելով ասում էր. «պապ, դու խելոք մնա, ես գեներալ կդառնամ, հետո կամաճես, որին չես թողել զինվոր դառնամ»:

Արմանը բանակից հետո վերադարձել էր հայրենի գյուղ, ընդունվել Շիրակի պետական համալսարանի ռազմագիտության ֆակուլտետ, զուգահեռ անցել էր պայմանագրային ծառայության հայկական բանակի ստորաբաժանումներից մեկում։

«Շատ լավ էր իրեն դրսևորել, ու քանի որ ուսանող էր բարձրագույն հաստատությունում, այնտեղ ասել էին, որ սեպտեմբերի 15-ից հետո պիտի Վազգեն Սարգսյանիօ անվան ինստիտուտ իրեն ուղարկեն վեց ամսով սովորելու ու հետ վերադառնալու: Ինքը շատ-շատ ուրախ էր»,- նշում է մայրը:

2020-ին նա օժանդակ ուժերի կազմում, մյուսների պես, մեկնել է ճակատ։ Արմանը զոհվել է հոկտեմբերի 19-ին հերթական առաջադրանքի կատարման ընթացքում:

«Մենք շատ մոտ ընկեր ունենք, Էջմիածնից են, իրենք էլ երկու զավակ են կորցրել, Գեղամն ու Նուշիկը: Իրենք մեզանից շուտ են երեխա ունեցել, ու միշտ մեզ ասում էին՝ դու չես պատկերացնի՝ ինչքան կփոխվի ձեր տունը:

Մենք տանը ոչ մի բան չունենք խոսելու, ես դպրոցից տուն եմ գալիս, վերջ, դա է իմ մեր առօրյան: Հարց չունենք իրար տալու, ուզում ենք շուտ մթնի, քնենք:

Ինքն ասում էր. «Չէ, դու կտեսնես՝ ոնց կփոխվի, ես երկու երեխա եմ կորցրել ու ուրիշ աչքերով եմ նայում», ու ճիշտ էր ասում: Շատ-շատ բան փոխեց: Սա կարծես փոքրիկ լույսի շող լինի մեր տան մեջ:

Ես ուզում եմ, որ ամեն տղու տեղը ծնվեն մեր տղաները: Մենք էլ այս ձևի ենք հաղթում՝ ապրելով, ապրեցնելով, կյանք տալով նոր Արմանին, նոր Մխիթարներին, նոր Նարեկներին, նոր Սամվելներին, բոլորին»,- նշել է մայրը:

 

  • Կիսվել: