ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Լևոն Քոչարյանը հանկարծ թող չխառնի Ազգային ժողովը «Պոպլավոկի» հետ. Արթուր Հովհաննիսյան

Լևոն Քոչարյանը հանկարծ թող չխառնի Ազգային ժողովը «Պոպլավոկի» հետ. Արթուր Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլի հրապարակումներին առ այն, որ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին ուղեկցող անձը հարվածել է Civic.am-ի լրագրողին:

Նա չհերքեց կատարվածը, նշեց՝ Լևոն Քոչարյանի, ըստ էության, թիկնապահը՝ գրանցված օգնականի հաստիքում, մոտեցել է ԱԺ շենքի դիմային հատվածում իր աշխատանքային պարտականությունները կատարող լրագրողին, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրա հասցեին, ապա հարվածել դեմքին: 

Լրագրողներից մեկի հարցին՝ ի՞նչն է եղել պատճառը, Հովհաննիսյանը պատասխանեց՝ լրագրողի լրագրողական գործունեությունն է եղել: 

«Ես գիտեմ, որ անկախ՝ ով վերբալ մակարդակում ինչ հայտարարություն է անում, Լևոն Քոչարյանը հանկարծ թող չխառնի Ազգային ժողովը «Պոպլավոկի» հետ: Թող իրենց հաշիվ տան առհասարակ. անբարոյական հայտարարություններ անելը և փախած ման գալը որևէ կապ չունի քաղաքական գործունեության հետ: Ուժեղ տղերքը փախած ման չեն գալիս»,- ասաց պատգամավորը:

Նա ևս մեկ անգամ հորդորեց Քոչարյանների ընտանիքին՝ Ազգային ժողովը չխառնել «Պոպլավոկի» հետ, հակառակ դեպքում պատասխանը շատ խիստ է լինելու թե՛ իրավական մակարդակով, թե՛ Ազգային ժողովում՝ քաղաքական մակարդակով:

«Իսկ այս միջադեպը իրավական գնահատականի է արժանանալու: Լրագրողն ազատ գործունեություն է իրականացնում, ՀՀ քաղաքացի է, որտեղ կա խոսքի ազատություն: Սա ժողովրդավար հանրապետություն է, Ռոբերտ Քոչարյանի ժամանակների հանրապետությունը չէ: Եթե որևէ մեկը մտածում է՝ կարող է մարդու ազատ խոսքը փորձել կանգնեցնել բռունցքներով, ապա ներողություն, դրա պատասխանը տասնապատիկ ավելի խիստ է լինելու»,- հայտարարեց Հովհաննիսյանը: 

Լրագրողների դիտարկմանը՝ ինչու ՔՊ-ն չի միջամտում ընդդիմադիր լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրման փաստերին, Հովհաննիսյանը հորդորեց չհամեմատել համեմատության ենթակա չհանդիսացող դեպքերը: 

«ՔՊ խմբակցության որևէ պատգամավոր «ախռաննիկ» չունի, չի էլ ունեցել»,- հայտարարեց Արթուր Հովհաննիսյանը:  

Լրագրողներից մեկի հարցին՝ ինչ են պատրաստվում անել, պատասխանեց՝ իրավական գործընթաց է ձեռնարկվում, և ոստիկանները այս պահին ԱԺ շենքում են ու զրուցում են լրագրողի հետ:

Հարցին՝ ով է դիմել ոստիկանություն, Հովհաննիսյանը դժվարացավ պատասխանել:

Նշենք՝ լրագրողը օրերս իր անձնական յութուբյան ալիքի եթերով Տավուշի թեմի առաջնորդին մեղադրել էր ռուսական շահերը սպասարկելու համար։

  • Կիսվել: