«Տհե բանը կգա շուտով». Բագրատ Սրբազանը Կիրանցում է
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը արդեն Կիրանցում է։ Բնակիչները նրան սպասում էին եկեղեցու բակում:
Հավաքված գյուղացիները Բագրատ Սրբազանին ասացին, որ իրենք իշխանությունների կողմից լուսանկարներով ցույց տված փշալարերով ցանկապատ իրենք չեն տեսել, այս տարածքում չկա։
«Ամեն դեպքում գնանք, փորձենք արձանագրել, միգուցե մի թաքնված տեղում գտնեն։ Չկա նման բան: Այդպիսի ցանկապատ կամ փշալար գոյություն չունի: Բայց հստակ է, որ բացի այն, որ պետական ամբողջ սահմանը քանդված է, նաեւ մարդկանց իրավունքներն են խախտված, սեփականության իրավունքը: Մարդիկ կան, որոնց տները 1960-ականներից են իրենց փոխանցվել: Կան տներ, որոնց կադաստրի վկայականները 2018-ից հետո իրենք են տվել: Այսինքն բացի պետական ամբողջ սահմանի միակողմանի հանձնել, զիջելը, նաեւ մարդկանց իրավունքներն են խլել: Պետք է դատական գործընթաց սկսվի, մենք արդեն խորհրդակցել ենք իրավաբանների հետ՝ հասկանալու համար, թե ինչ ուղղությամբ պետք է գնալ»,- ասաց Բագրատ Սրբազանը եւ հեգնանքով գյուղացիներին հարցրեց. «Իսկ Բերքաբերի հողերը հետ տվեցի՞ն»:
Սրբազանը հայտարարեց, որ պետք է ավարտին հասցնեն իրենց գործը, որպեսզի հողերը միակողմանի հանձնողը էլ չլինի:
Կիրանցի բնակիչ տատիկն արձագանքեց. «Ո՞ւր ա տհե բան», ինչին Սրբազանն արձագանքեց. «Տհե բանը կգա շուտով»: