Տեղյակ եմ. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանին ուղղված սպառնալիքների մասին
Կարծում եմ՝ իրավապահները հանցագործության դեպք պարունակող ցանկացած դեպքի պարտավոր են արձագանքել և արձագանքում են: Այդ մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սպառնալիքներ ստանալու վերաբերյալ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հաղորդմանը։
«Այդտեղ, իհարկե, պետք չի ժխտել՝ կախված է նաև հայտարարությունների տեսանելիությունից, որովհետև հնարավոր է՝ ինչ-որ մի քաղաքացի իր էջում այդ թվում գրի, և տեսանելիության խնդիր լինի։ Այսինքն՝ սոցիալական ցանցերում պարզ է, որ որոշ մարդկանց գրածները ավելի տեսանելի են, որովհետև մամուլն է հետո դա տիրաժավորում և այլն, և այլն, և դա դառնում է ավելի տեսանելի, և արձագանքն էլ, համապատասխանաբար, էլի դառնում է ավելի տեսանելի։ Ինչ վերաբերում է [հարցին]՝ տեղյա՞կ եմ արդյոք՝ ինչ սպառնալիքների մասին է խոսքը. այո՛, տեղյակ եմ»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն ուսումնասիրում է Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ ստացված հաղորդումը:
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո իր հասցեին սպառնալիքներ է զգում։ Նա նշել է, որ հույս ունի՝ պետական ծառայությունները կկանխեն նման իրավիճակները։
Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում Հակոբյանը կոչ էր արել կանանց չլռել բռնության դեպքերի մասին և բարձրաձայնել խնդիրը։
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ընթացք է տրվել Աննա Հակոբյանի հրապարակմանը։


