ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տեղի է ունեցել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստը

Տեղի է ունեցել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստը

Այսօր` հունիսի 25–ին, տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստը, որը վարել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը:

 

     Նիստին մասնակցում էին հոգաբարձուների խորհրդի 22 անդամները, որից 4-ը՝ հեռավար:

 

     Նիստը մեկնարկել է Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի օրհնությունից հետո:

 

     Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես գալով բացման խոսքով ասել է.

«Այս տարի մեր հանդիպման առիթը կրկնակի տոնական է՝ լրանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 30-ամյակը:  «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրավամբ համահայկական այն կառույցն է, որը գուցե չունի նմանօրինակը: Այս պատճառով է, որ յուրաքանչյուրիս և մասնավորապես հոգաբարձուների խորհրդի անդամների ամենօրյա աշխատանքը պետք է միտված լինի Հիմնադրամի հանրահռչակմանը, նրա վարկանիշն ու առաքելությունն անբասիր պահելուն»:

Համաձայն օրակարգի, նիստի ընթացքում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2021 թվականին գործունեության մասին գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի տարեկան հաշվետվության լսումը, որի ընթացքում ներկայացվեցին  Արցախի և Հայաստանի մի շարք համայնքների առողջապահական, սոցիալական, կրթական,  բնակարանաշինության, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված լայնածավալ ծրագրերը:

       Հաստատվեց  «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2021 թվականի տարեկան ֆինանսական  և 2021թ. գործունեության տարեկան հաշվետվությունը:

     Քննարկվեց Հիմնադրամի նոր խմբագրությամբ  կանոնադրության նախագիծը, որոշվեց լրամշակելու նպատակով ստանալ և ամփոփել առաջարկությունները և նախագիծը ներկայացնել խորհրդի հաստատմանը առաջիկա նիստի ընթացքում։  Նաև քննարկվեցին Հիմնադրամի հետագա անելիքները:

          «Հոգաբարձուների խորհրդի 31-րդ նիստն անցավ կառուցողական մթնոլորտում: Եղան  բազմաթիվ հարցադրումներ, որոնց  տրվեցին հստակ և սպառիչ պատասխաններ, բոլոր որոշումներն ընդունվեցին միաձայն»,–նշեց Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նիստի ավարտից հետո:

            Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց հարյուր հազարավոր նվիրատուներին, որոնք իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել այս լուրջ մարտահրավերների ժամանակաշրջանում հայրենիքի զորացման գործում:

ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։

  • Կիսվել: