երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը մտահոգված է. հայտարարություն

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը մտահոգված է. հայտարարություն

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ՀՀ ճարտարապետների պալատի հրապարակային հայտարարությունների՝ մասնագիտական գործունեության լիցենզավորման և արտոնագրման ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ, հնչեցրած տրամագծորեն տարբեր դիրքորոշումների շուրջ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։

«Համալսարանը՝ հանդիսանալով ճարտարապետության և շինարարության ոլորտներում մասնագիտական կադրեր թողարկող միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը հանրապետությունում, չի կարող անտարբեր մնալ նշված իրողության նկատմամբ, քանի որ խնդիրն անմիջականորեն առնչվում է մեր շրջանավարտների հետագա մասնագիտական գործունեությանը և աշխատաշուկայում բնականոն և քաղաքակիրթ հարաբերություններ ձևավորելուն:

Ելնելով վերը շարադրվածից, մեր պատրաստակամությունն ենք հայտնում՝ հրապարակային բանավեճը մասնագիտական քննարկումների դաշտ տեղափոխելու համար և այդ նպատակով կազմակերպելու կլոր սեղան՝ բնագավառի պետական ու համայնքային ծառայողների, նախագծային ու շինարարական կազմակերպությունների և համալսարանի պրոֆեսորադասխոսական անձնակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Կարծում ենք, որ այդ պարագայում հնարավոր կլինի գտնել փոխադարձորեն ընդունելի լուծումներ բոլոր կողմերի, հատկապես մեր համալսարանի շրջանավարտների նախագծային ու շինարարական գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար»,-նշված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: