հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Տավուշում կշարունակվի հանրակրթության նոր չափորոշչի փորձարկումը. մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները

Տավուշում կշարունակվի հանրակրթության նոր չափորոշչի փորձարկումը. մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Տավուշի մարզից այսօր մեկնարկել են ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, մարզկենտրոն Իջևանում հրավիրված քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը։

 

Աղետների և ռիսկերի կրթության կարևորության մասին

Խորհրդակցության սկզբում ներկաները 1 րոպե լռությամբ հարգել են Երևանի պահածոների գործարանի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների հիշատակը։

Ելույթի խոսքում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է աղետների և ռիսկերի կրթությանը՝ ընդգծելով, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել անվտանգության կանոնների ուսուցմանը։

Նրա տեղեկացմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունն այժմ այս ուղղությամբ համագործակցում է Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճանապարհային ոստիկանության հետ՝ նոր կազմվող դասագրքերում և ուսումնական նյութերում անվտանգության կանոններ, տեխնածին և բնածին աղետներին առնչվող խնդիրներ, վարժություններ և օրինակներ ընդգրկելու ու ուսուցման արդյունավետությունը նաև միջառարկայական կապերի միջոցով բարելավելու նպատակով։

Նոր չափորոշչի ներդրման մասին

 

Տավուշի մարզի դպրոցների տնօրեններին ուղղված խոսքում Ժաննա Անդրեասյանը կարևորել է հանրակրթության նոր չափորոշչի փորձարկումը, որը մարզի դպրոցներում կատարվում է անցյալ ուսումնական տարվանից սկսած և շարունակվելու է այս տարի։

«Մենք լինելու ենք ձեր կողքին և շարունակելու ենք այս կարևոր ու պատասխանատու գործը՝ նոր ուսումնական տարում հանրակրթության նոր չափորոշիչը ներդնելով Տավուշի մարզի դպրոցների 3-րդ, 6-րդ, 8-րդ, 11-րդ դասարաններում։ Անցյալ տարի չափորոշիչները փորձարկվել են 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում։ Գալիք տարի փորձարկումը կշարունակվի և կներդրվի բոլոր 12 դասարաններում։ Հաշվի առնելով ձեր կատարած աշխատանքի փորձարկման արդյունքները՝ չափորոշիչները կլրամշակվեն և 2023 թվականի սեպտեմբերից փուլային կարգով կներդրվեն հանրապետության բոլոր դպրոցներում»,- նշել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ նախորդ տարվա արդյունքները գոհացուցիչ են։

Նրա խոսքով՝ կա տեսանելի փոփոխություն՝ նախորդ տարվա սեպտեմբերի և ուսումնական տարվա վերջի համեմատությամբ։

«Ուսուցիչներն ավելի լավ են կիրառում ուսումնական նոր գործիքներն ու մեթոդները, դպրոցներն ավելի լավ են պատկերացնում իրենց առջև դրված նոր պահանջները»,- նշել է նախարարի տեղակալը՝ շեշտելով, որ կան նաև բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում։

Այս տարի նախատեսվում է իրականացնել նաև նոր դասագրքերի մրցույթը, իսկ դասագրքերը դպրոցներին կտրամադրվեն արդեն գալիք տարվանից։

 

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Տավուշի մարզում փորձարկվող դասարանների համար դպրոցների ֆինանսավորումը նախատեսված է նոր չափորոշչով նախատեսված չափանիշներով։ Տավուշի դպրոցները ֆինանսավորում են ստանում նաև նախագծային ուսուցման և խմբակների՝ ավագ դասարաններում ընտրովի առարկաների համար, ինչպես նաև մնացած դասարաններում դասավանդող մանկավարժների վարձատրությունը հաշվարկվում է ավելի ցածր ծանրաբեռնվածությամբ տարիֆիկացմամբ, որը ևս նախատեսված է հանրակրթության նոր չափորոշչով։

Ըստ դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևի՝ առանձին միջոցներ են նախատեսված նաև բնագիտական լաբորատորիաների պահպանման և գործարկման համար։ Փոխնախարարը շեշտել է, որ այս նպատակով հատկացված ֆինանսավորումը չի կարող ծախսվել այլ նպատակի համար։

Տավուշի մարզից կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 200 մանկավարժ

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև պարտադիր և կամավոր ատեստավորմանը։ Կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ ներկայացրած շուրջ 4000 ուսուցիչների ատեստավորումը տեղի կունենա սեպտեմբերին, որը նաև աշխատավարձի բարձրացման հնարավորություն կտա։ Կամավոր ատեստավորման ժամանակացույցը և ըստ առարկաների ուղեցույցները կհրապարակվեն առաջիկայում։

Տավուշի մարզից այս տարվա կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 200 մանկավարժ։ Նշելով, որ սա վատ ցուցանիշ չէ, Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ հետագա տարիներին այս թիվը կավելանա։

Նշվել է, որ Տավուշի մարզից այս տարի բարձրագույն ուսումնական հաստատություններ են ընդունվել շուրջ 478 դիմորդներ, որոնցից 68-ն անվճար։ Դիմորդներից շատերը՝ շուրջ 185-ը, նախընտրել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը։

 

Տնօրենն ու փոխտնօրենը կարող են դասավանդել, եթե առարկայական ուսուցիչն ապահովված է դրույքով

Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը ներկայացրել է հանրակրթության բնագավառում կատարված օրենսդրական փոփոխություններին առնչվող պարզաբանումները։ Նա մասնավորապես անդրադարձել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նոր կարգավորումներին, նախադպրոցական հաստատությունների տնօրեններին ներկայացվող որակավորման պահանջներին և այլ հարցերի։

2022 թվականի մարտից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ դպրոցի վարչական աշխատողները՝ տնօրենը, տնօրենի տեղակալը, կարող են տվյալ դպրոցում դասաժամեր դասավանդել միայն այն դեպքում, եթե առարկայական մասնագետներն ապահովված են լիարժեք դրույքով։

 

Պատասխանելով տնօրենների կողմից այս առնչությամբ բարձրացված հարցերին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է.

«Այս փոփոխությամբ մենք կարգավորել ենք այն դեպքերը, թե երբ է ստեղծվում հնարավորություն վարչական աշխատողների, տնօրենների և փոխտնօրենների դասավանդման համար։ Մենք պետք է կարողանանք առավելագույն ժամաքանակ ապահովել դպրոցի գործող ուսուցիչների համար և վարչական աշխատողների դասավանդումը դիտել իբրև տարբերակ՝ ըստ անհրաժեշտության։ Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, թե տնօրեններն ու փոխտնօրենները շատ դեպքերում լավ մասնագետներ են, այդ դեպքում, կարծում եմ, ճիշտ կլինի, որ նրանց ներուժն օգտագործվի որպես ուսուցիչ։ Մեր նպատակը որևէ մեկին վնասելը չէ։ Մեր նպատակը լավագույն մասնագետներին մանկավարժական գործունեության համար առավել լավ միջավայր և պայմաններ ստեղծելն է»։

Նախարարի տեղակալը ասել է, որ նախատեսվում է բարձրացնել նաև տնօրենների աշխատավարձերը։ Նրա խոսքով՝ այժմ մշակվում է նոր կարգ, որը ենթադրվում է, որ ուժի մեջ է մտնելու 2023 թվականի սեպտեմբերից և հնարավորություն է տալու բարձրացնելու տնօրենների, փոխտնօրենների և մնացած վարչական աշխատողների աշխատավարձերը:

ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը ներկայացրել է հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանն առնչվող մի շարք պարզաբանումներ։ Մասնավորապես անդրադառնալով նախագծային և հետազոտական ուսուցմանը՝ Թորոսյանը նշել է, որ այդ աշխատանքները պետք է իրականացնել ուսումնական պլանով նախատեսված ընտրովի բաղադրիչի հաշվին, որին հատակցված են համապատասխան ժամաքանակներ և դրանց տնօրինման հարցում դպրոցն ազատ է։

Նույն օրն Իջևանի թիվ 5 դպրոցում ԿԶՆԱԿ-ի մասնագետներն առանձին աշխատանքային խորհրդակցություն են վարել մարզի դպրոցների փոխտնօրենների հետ, որի ընթացքում նրանց ներկայացվել են ուսումնական նոր նյութեր և մեթոդական ուղեցույցներ։

Խորհրդակցության ընթացքում նախարարի տեղակալն ու մյուս պատասխանատուները պատասխանել են տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են դպրոցների շենքերի տեխնիկական վիճակին, աշխատավարձերի բարձրացմանը, ատեստավորմանը և մի շարք այլ խնդիրների։

 

 

 

 

  • Կիսվել: