հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Տավուշի մարզում «Mercedes»-ը բախվել բետոնե արգելապատնեշներին և հայտնվել Աղստև գետում․ կա վիրավոր

Տավուշի մարզում «Mercedes»-ը բախվել բետոնե արգելապատնեշներին և հայտնվել Աղստև գետում․ կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 35-ամյա Սարգիս Ս․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և հայտնվել Աղստև գետում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը կարողացել է դուրս գալ ավտոմեքենայից և հայտնվել գետի մյուս ափին, ում օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հայկ Մելիքսեթյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վաչե Աբովյանը և Արսեն Ալավերդյանը։

Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Փրկարարները պարեկների ու քաղաքացիների հետ օգնել են, որպեսզի ավտոմեքենան վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս բերվի գետից։

  • Կիսվել: