չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Սուր շնչառական վարակների դեպքերը Հայաստանում նվազում են

Սուր շնչառական վարակների դեպքերը Հայաստանում նվազում են

Օրական կտարվածքով իրականացվող համաճարակաբանական դիտարկումների արդյունքները փաստում են, որ սուր շնչառական վարակներով դեպքերն ունեն նվազման միտում: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նվազումն արձանագրվում է բոլոր ցուցանիշներով, մասնավորապես՝ թե´ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության, թե´ շտապ օգնության կանչերում և թե´ հոսպիտալացումներում:

Հարկ է նշել, որ դեռևս հոսպիտալացված դեպքերի 92,1%-ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները՝ Երևանի մանկական հիվանդանոցներում:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` այսօր   հանրապետությունում շարունակվում է գրիպի Բ տեսակի, Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակների շրջանառությունը:

Շարունակվում են նաև կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի միջոցառումները: Հաշվի առնելով հիվանդությանը բնորոշ կասկածելի ախտանշանները և պացիենտների ուղևորության վերհուշը`  իրականացվել է 162 նմուշի լաբորատոր հետազոտություն: Այս պահի դրությամբ միայն 1-ի արդյունքն է դրական:  Բժիշկների գնահատմամբ` հիվանդի ինքնազգացողությունը բավարար է:

  • Կիսվել: