շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Սուբվենցիոն ծրագրով կլուծվի Ստեփանավանի Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր բնակավայրերի ջեռուցման հարցը. ՏԿԵՆ

Սուբվենցիոն ծրագրով կլուծվի Ստեփանավանի Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր բնակավայրերի ջեռուցման հարցը. ՏԿԵՆ

Ստեփանավան համայնքում 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքները լայն թափով շարունակվում են: Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

Պետություն-համայնք ներդրմամբ իրականացվում են Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի վերանորոգման աշխատանքները՝ 212.791.958 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, որից 50 %-ը հատկացրել է պետությունը, 50 %-ը՝ համայնքը: Արված է աշխատանքների 40 %-ը: Այս ծրագրով կլուծվի նաև մշակույթի պալատի կարևոր խնդիրներից մեկը՝ ջեռուցման հարցը:

Ջեռուցման հարց կլուծի նաև սուբվենցիոն մեկ այլ ծրագրով Ստեփանավան համայնքի Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր բնակավայրերում և Ստեփանավան համայնքի 4-րդ միկրոշրջան թաղամասում իրականացվող գազաֆիկացումը:

Ծրագրի արժեքը կազմել է 495.495.764 ՀՀ դրամ, որից 40 % ներդրել է համայնքը, 60 % պետությունը: Մինչ այժմ աշխատանքներն իրականացվել են 45 %-ով:

Այս տարի ձմեռն ավելի տաք կդիմավորեն ռումինական թվով 3՝ 2, 16 և 22 շենքերի բնակիչները: Այստեղ սուբվենցիոն ծրագրով իրականացվում է շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ռիսկերի նվազեցում՝ջերմամեկոււսացվում են շենքերի պատերը, վերանորոգվում են տանիքները, շքամուտքերը, փոխվում են մուտքի դռները:

Ծրագրի արժեքն է 218.769.436 ՀՀ դրամ, որից 45 %-ը պետության ներդրումն է, 26 %՝ համայնք, 5%՝ բնակիչ և 24 %՝ ՄԱԶԾ: Սուբվենցիոն այս ծրագրերի ավարտը նախատեսված է մինչև տարեվերջ:

  • Կիսվել: