ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ստանիսլավսկու անվան թատրոնի պարզաբանումը՝ Վահրամ Սահակյանի ներկայացման չեղարկման առնչությամբ

Ստանիսլավսկու անվան թատրոնի պարզաբանումը՝ Վահրամ Սահակյանի ներկայացման չեղարկման առնչությամբ

Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնը պարզաբանում է տարածել, որում անդրադարձել է ռեժիսոր, բեմադրիչ Վահրամ Սահակյանի «Անմարդկային կատակերգություն» ներկայացման չեղարկմանը, սակայն հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա չեղարկման պատճառների մասին։

Մասնավորապես, թատրոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Անթույլատրելի ենք համարում Վահրամ Սահակյանի «Անմարդկային կատակերգություն» ներկայացման հետ կապված Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի անվան hանիրավի շահարկումը եւ իրավական գործընթացին քաղաքական աստառ հաղորդելը։ Թատրոնը մշտապես եղել եւ շարունակելու է մնալ ապաքաղաքական կառույց։ Հարցը գտնվում է իրավաբանական տիրույթում եւ իրավաբանների վերահսկողության ներքո»։

NEWS.am-ի հետ զրույցում թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը եւս որեւէ մեկնաբանություն չտվեց «Անմարդկային կատակերգություն» ներկայացման չեղարկման պատճառների մասին՝ ասելով, որ ինքը վարակված է եղել կորոնավիրուսով եւ այսօր է դուրս գրվել հիվանդանոցից, ուստի ի վիճակի չէ անդրադառնալ թեմային, բայց առաջիկայում անպայման կարձագանքի։

«Ես այդ մարդը չեմ, որ ինչ–որ հարցերից խուսափեմ»,– ասաց Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ ռեժիսոր, բեմադրիչ Վահրամ Սահակյանը ապրիլի 17–ին, Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ «Անմարդկային կատակերգություն» դրամայի՝ ապրիլի 19–ի եւ 20-ի կայանալիք ներկայացումները չեղարկվել են։ Ռեժիսորը գրել էր, որ հանցավոր կերպով զանգահարել եւ սպառնալով վախեցրել են Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանին, ինչը նշանակում է, որ դա արել են թատրոնի վերադաս հիմնարկությունից՝ ԿԳՄՍ նախարարությունից։ Ռեժիսորը կարծիք էր հայտնել, որ կատարվածում իր մեղքի բաժինն ունի նաեւ փոխնախարար Արա Խզմալյանը, ուստի ըստ նրա՝ Մարիանա Մխիթարյանն ու փոխնախարարը պետք է պատասխան են տան օրենքի առաջ։

«Ներկայացում արգելելու դեպքը տեղի է ունեցել ոչ թե նացիստական Գերմանիայում, ոչ թե ստալինյան ռեժիմի օրոք եւ ոչ էլ Հյուսիսային Կորեայում։

Դեպքը տեղի է ունեցել 21-րդ դարում, ժողովրդավարական հռչակած ՀՀ-ում. չեղարկվել է հայրենասիրական ներկայացում»,– գրել էր Սահակյանը։

 

  • Կիսվել: