Սրբազանի համար շատ անսպասելի էր, մարդը հանկարծակիի եկավ․ Փաստաբանը մանրամասներ է ներկայացրել
Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի փաստաբան Հովիկ Արսենյանը զավեշտ է համարում հոգևորականին առաջադրված մեղադրանքը։ InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբանը տեղեացրեց, որ ամեն ինչ սկսվել է ապրիլի 13-ին, երբ Սրբազանին հրավիրել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ առանց ծանուցագրի, հեռախոսազանգով։
«Ենթադրվում էր, որ կարգավիճակը պետք է վկա լինի, որովհետև 2012-ին հարուցված քրեական գործով շատ մակերեսային ցուցմունք էր տված եղել։ Ենթադրվում էր, որ այդ դեպքի հետ կապված պետք է լրացուցիչ հարցաքննեն։ Գնացինք, մտանք, ու քննիչը հանեց մեղադրանք առաջադրեց Սրբազանին։ Միանգամից մեղադրյալի կարգավիճակ ձեռք բերեց։ Սրբազանի համար շատ անսպասելի էր, մարդը հանկարծակիի եկավ՝ այդ ինչպե՞ս, այս աստիճանի ո՞նց կարելի է նսեմացնել մարդուն, ոտնահարել արժանապատվությունը։ Եվ միջնորդեցինք, որ ժամանակ տրամադրվի մարսելու մեղադրանքը, հասկանալու՝ ինչ է կատարվում, այդ ինչում է ամբաստանվում», - ներկայացրեց փաստաբանը։
Պաշտպանական կողմին ժամանակ տրվել է մինչև ապրիլի 15-ը, և այդ օրը Սրբազանը, փաստաբանի ներկայացմամբ, գնացել է հարցաքննության։
Հիշեցնենք՝ հոգևորականին մեղադրանք է առաջադրվել հանցավոր եղանակով խոշոր չափի՝ 12 մլն դոլար գումարի տնօրինելու և հանցավոր եղանակով ստացված եկամուտներն օրինականացնելու համար օգտագործվել է 2010-ի գարնանը օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը, որի 33 տոկոս բաժնեմասը պատկանել է Նավասարդ արք․ Կճոյանին: Այս քրեական գործի շրջանակում նախկինում մեղադրյալ է եղել գործարար, ադամանդների բիզնեսով զբաղվող Աշոտ Սուքիասյանը, որը, ըստ լուրերի, Կճոյանի սանիկն է եղել։ ԱԱԾ հաղորդագրության մեջ, սակայն, ուղղակի չի նշվում Սուքիասյանի անունը։ Ապրիլի 15-ին Հոգևորականը տվել է ցուցմունք, ներկայացրել ամեն ինչ, առերեսում չի եղել որևէ մեկի հետ։
Փաստաբանն ասաց, որ իրենք առաջադրված մեղադրանքը համարում են անհիմն, նույնիսկ՝ «զվարճալի»։ Արսենյանը տեղյակ չէ՝ քրեական գործն ինչ ապացուցողական բազա ունի և նրա համար հարց է՝ ի՞նչն է հիմք համարվել, որ նման «տարօրինակ» մեղադրանք է առաջադրվել և այդ կապակցությամբ պատրաստվում է միջնորդություն ներկայացնել ԱԱԾ քննչական վարչությանը։
«Սա զավեշտ է։ Թող որևէ քննիչ, որևէ դատախազ կամ որևէ պաշտոնատար անձ ներկայացնի մի փաստական հանգամանք կամ որևէ անձի, որը կասի՝ ահա խնդրեմ 12 մլն դոլարից մեկ ցենտ կամ մեկ լումա առաջարկել ենք կամ տրվել է Սրբազանին։ Չկա նման բան, սա զավեշտ է»,- նշեց փաստաբան Արսենյանը։
Հարցին, թե ինչո՞ւ են հիշել 2012-ի էրեական գործը ու անել արխիվից, փաստաբանն ի պատասխան ներկայացրեց նախապատմությունը․
«Աշոտ Սուքիասյանի մասը, եթե հիշում եք, գործից անջատվել էր ու ուղարկվել առաջին ատյանի դատարան, և դատարանի վճռով Սուքիասյանը դատապարտվել էր, որքան հիշում եմ, 16 տարվա ազատազրկման։ Աշոտ Սուքիասյանը վերաքննիչ բողոք ներկայացրեց, և Վերաքննիչ դատարանը Քրեական օրենսգրքի 178 (խարդախություն) և 190 (փողերի լվացում) հոդվածների մասով արդարացրել էր Սուքիասյանին։ Մնացել էր Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը և դրանով դատապարտվել է 6 տարի ժամանակով։ Սուքիասյանն այժմ ազատության մեջ է։ Սակայն դատախազությունը դրանով չի բավարարվել և Վերաննքիչ դատարանի որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարան։
Այս պահի դրությամբ բողոքը վարույթ է ընդունված Վճռաբեկ դատարան, և դատարանը դեռ որոշում չի հրապարակել։ Եթե Վճռաբեկը որոշի մերժել բողոքը, ապա Աշոտ Սուքիասյանի վրայից այդ մեղադրանքները դուրս են գալիս, այդ դեպքում ինքնըստինքյան մեղադրանքից ազատվում է նաև Սրբազանը։ Հիմա ամենահետաքրքիր մասը՝ եթե բողոքը դեռ վարույթում է, և Վճռաբեկ դատարանը որոշում չի հայտնել դրա վերաբերյալ, ապա ինչո՞ւ են դատարանի առաջ ընկել նախաքննական մարմինները։ Թող մի երկու օր էլ համբերեին, կհրապարակվեր որոշումը և հետո միայն գործողություններ կիրականացնեին։ Հիմա ամենինչ հասկանալի է՝ դատախազությունը, ԱԱԾ-ն գիտեն, թե Վճռաբեկ դատարանը ինչ որոշում է կայացնելու, ասել է՝ թե դատախազության բողոքը բավարարվելու է և բեկանվելու է Վերաքննիչ դատարանի որոշումը»։
Փաստաբանը եզրակացրել է․
«Շատ զավեշտալի իրավիճակ է, չէր կարելի իրավապահ համակարգին, մասնավորապես՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտին նման զավեշտալի վիճակի մեջ գցել, որովհետև ես միշտ ակնածանք եմ ունեցել այդ մարմնի աշխատանքի գործելաոճի նկատմամբ»։
Նշենք, որ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի խափանման միջոցն ընտրվել է ստորագրություն երկրից չհեռանալու մասին։


