Շվեդիայում կայացել է ՀՀ Անկախության 33-րդ տարեդարձին նվիրված համերգ
Սեպտեմբերի 25-ին Շվեդիայի պատմության թանգարանում կայացավ Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձին նվիրված համերգ, որին հաջորդեց ընդունելություն։
Դեսպան Աննա Աղաջանյանն իր խոսքում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի շրջափակմանն ու արցախահայության էթնիկ զտմանը, նշեց, որ անգամ 2020թ․ պատերազմից հետո մի շարք հումանիտար հարցեր լուծված չեն․ 23 հայ ռազմագերիներ և պատանդառված անձինք շարունակում են մնալ գերության մեջ, իսկ տասնյակ անհայտ կորածների ճակատագրեր դեռևս առկախված են։
Կարևորելով այդ դժվարին օրերին միջազգային հանրության աջակցությունը՝ դեսպանը շնորհակալություն հայտնեց Շվեդիայի կառավարությանն ու խորհրդարանին, որոնք առաջիններից արձագանքեցին և իրենց բարեկամական աջակցությունը հայտնեցին Հայաստանին և հայ ժողովրդին։
Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ նա ընդգծեց, որ Շվեդիան Հայաստանի հիմնական գործընկերներից է նաև բարեփոխումների և զարգացման գործում:
Անկախ տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներից՝ ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը մնում է կայուն, և Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել՝ հաստատելու կայուն, համապարփակ և արժանապատիվ խաղաղություն:
«Մեր երկրները կիսում են այն համոզմունքը, որ ուժի կիրառումն անընդունելի է, որ միջազգային իրավունքն պետք է գերակայի, և որ բազմակողմանիությունը մնում է առաջընթացի լավագույն ճանապարհը հաջորդ սերունդներին արժանապատիվ աշխարհ ժառանգել։
Հայաստանի ճանապարհը հեշտ չէ, բայց այն զարգացման, ազատությանը և համամարդկային արժեքներին հավատարմության ճանապարհ է»:
Համերգի ընթացքում ելույթներով հանդես եկան Յոհաննես Գևորգյան Հելլմանը և «ՀայկԱնի» եռյակը։