շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շինթույլտվության տուրքը կավելանա 2-10 անգամ. Անավարտ շինությունների սեփականատերերի հանդեպ վերաբերմունքը խստացվում է

Շինթույլտվության տուրքը կավելանա 2-10 անգամ. Անավարտ շինությունների սեփականատերերի հանդեպ վերաբերմունքը խստացվում է

Ֆինանսների նախարարությունը կառուցապատողների կարգապահությունը բարձրացնելու նպատակով առաջարկում է բարձրացնել շինություն կառուցելու թույլտվություն ստանալու կամ այն երկարաձգելու համար տեղական տուրքի դրույքաչափը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 1-ին Կառավարության հերթական նիստի ժամանակ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նախարարի խոսքով՝ նախագծերի փաթեթի նպատակը մի շարք անավարտ շինություններ ավարտին հասցնելու հարցում կարգապահության բարձրացումն է:

«Մենք մի շարք մոտեցումներ ենք քննարկել. երկար քննարկումներ ենք ունեցել թե նախարարական կոմիտեներում, թե նաև կառուցապատողների հետ և, կարծում ենք, որ միաժամանակ պետք է մի քանի կարգավորումներ վերանայվեն:

Առաջին կարգավորումը վերաբերվում է նրան, որ երբ առաջին շինարարական թույլտվության ժամկետը ավարտվում է, պետք է այդ անավարտ շինության համար գույքահարկը վճարվի այնպես, ինչպես կվճարվեր ավարտված շինության համար:

Երկրորդը՝ գտնում ենք, որ այսօր այդ անավարտ շինությունները ավարտին չհասցնելու հիմնական պատճառներից մեկը շինթույլտվության տեղական տուրքի դրույքաչափերի  շատ ցածր լինելն է: Օրինակ՝ Երևանում ցանկացած գոտում 5 հազար քկմ շինության համար տեղական տուրքի դրույքաչափը կարող է կազմել 500 հազար դրամ: Մենք առաջարկում ենք երկու կարգավորումներ այս առնչությամբ: Առաջինն այն է, որ առաջարկվում ենք այդ տուրքի դրույքաչափը բարձրացնել՝ տարբերակելով ըստ գոտիներին: Այդ բարձրացումը կարող է կազմել երկուսից մինչև տաս անգամ: Այսինքն՝ Երևանի առաջինից չորրորդ գոտիներում շինարարական թույլտվություն ստանալու համար 5 հազար քկմ շինություն կառուցելու դեպքում թույլտվություն ստանալու համար տեղական տուրքի դրույքաչափը կկազմի ոչ թե 500 հազար դրամ, այլ 5 միլիոն դրամ»,- ասաց Խաչատրյանը:

Նախագծերի փաթեթով նախատեսվում է նաև, որ սահմանված ժամկետին շինարարությունը ավարտին չհասցնելու դեպքում, երբ երկրորդ կամ երրորդ անգամ քաղաքացին դիմի շինարարության ժամկետը երկարաձգելու համար, պետք է վճարի ավելի բարձր դրույքաչափով տեղական տուրք, քան առաջին անգամ շինարարական թույլտվություն ստանալու համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափն է:

«Երևանում այս փոփոխությունները վերաբերվելու են բոլոր տիպի շենքների և շինությունների կարգավորումներին, ներառյալ՝ բնակելի շենքեր, հասարակական և արտադրական շինություններ և անհատական բնակելի տներ: Սահմանամերձ համայնքներում որևէ փոփոխություն չի լինի:

Գտնում ենք տեղական տուրքի դրույքաչափերի բարձրացումը խելամիտ կարգավորումների շրջանակում է և էապես կնսպատի կարգապահության բարձրացմանը»,- նշեց Խաչատրյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ խնդիր են ցանկանում լուծել նախագծերի փաթեթով:

«Ականատես ենք լինում դեպքերի, երբ որևէ տեղում շինարարական փոս է ստեղծվում և վերջ, դրանով ավարտվում է: Այն մնում է տարիներով, նույնիսկ տասնամյակներով: Դա դիտվում է որպես նորմալ երևույթ, բայց ոչ մեկ չի արձանագրում, որ դա անհարգալից վերաբերմունք է հանրության նկատմամբ, անհարմարություններ է ստեղծում, խաթարում է միջավայրի գեղագիտական տեսքը և սրանից բխող հետևանքներով: Նախագծով առաջարկում ենք՝ շինթույլտվությունն ավարտվել է, դրանից հետո այլ կարգի կարգավորումներ են, և գույքային հարկ պետք է վճարվի և շինթույլտվությունը երկրորդ անգամ երկարացնելու համար պետք է արդեն այլ դրույքաչափերով վճարումներ արվեն»,- ասաց Փաշինյանը:  

  • Կիսվել: