երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Շարունակվում են երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակման աշխատանքները

Շարունակվում են երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակման աշխատանքները

«Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարության» նախագծի մշակման աշխատանքային խումբը գումարել է հերթական նիստը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: 

Հանդիպման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ սկզբում համավարակի, հետո նաև արցախյան պատերազմի և դրանից բխող խնդիրների պատճառով հանձնաժողովի աշխատանքները ժամանակավորապես առկախվել էին:

«ԿԳՄՍ նախարարությունն աշխատանքային խմբի ջանքերով և Եվրամիության տրամադրած փորձագիտական աջակցության շրջանակում մշակել է ռազմավարության նախագծի նախնական տարբերակ, որն աշխատանքային խումբն առաջիկայում կլրամշակի՝ լայն հանրային քննարկման ներկայացնելու համար: Երիտասարդության ոլորտի զարգացման համար ուղենշային այս փաստաթուղթն առաջիկա շաբաթներին պետք է շարունակի անցնել հանրային մասնակցության մի քանի շրջափուլ՝ ներառելով արցախյան վերջին պատերազմով և համավարակի մարտահրավերներով պայմանավորված վերանայումներ:

Մեր նպատակն է մշակել այնպիսի հայեցակարգային փաստաթուղթ, որը կնպաստի երիտասարդական ոլորտի համակարգմանն ու զարգացմանը միտված թիրախային ծրագրերի իրականացմանը, կապահովի ոլորտային այլ ռազմավարություններում երիտասարդության շեշտադրումը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը և հավելել, որ փաստաթուղթը նաև կներառի այնպիսի գործողություններ, որոնք ՀՀ միջազգային և այլ պարտավորություններով արդեն իսկ ամրագրված են ռազմավարական փաստաթղթերում և նպաստելու են երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության օրակարգերին:

  • Կիսվել: