Շարունակվում է պացիենտների հսկողությունը տնային պայմաններում. Թորոսյան
Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ իրենք շարունակելու են առողջապահական համակարգի հզորացման գործընթացը, քանի որ փորձը ցույց է տալիս, որ վարակին զուգահեռ ապրելուն դրանք, այնուամենայնիվ, մեզ պետք են:
Նախարարը նշեց. ՛՛Դիմակների կարգապահ եւ էֆեկտիվ կրումը ուղիղ ազդում է այն թվի վրա, որով մենք չափում ենք վարակի տարածման տեմպը: Կարգապահ դիմակներ կրելու դեպքում այդ թիվը կիջնի 1-ից, ինչը թույլ կտա մարել վարակը:
Եթե մենք կանոնները պահպանելով առաջ գնանք, մենք ունենք բոլոր շանսերը վարակը պահել կառավարելի եւ մարման վիճակում: Կոչ ենք անում չտրվել տարբեր կեղծ լուրերին, որոնք կասկածի տակ են դնում դիմակների արդյունավետությունը, կամ ձեռքերը հաճախ լվանալը կամ այլ միջոցառումներ, որոնք մեր կողմից խորհուրդ են տրվում: Դա դառնալու է մեզ համար սովորական մի միջավայր, որտեղ ապրելու ենք մենք, մեր երեխաները, ծնողները՛՛:
Թորոսյանի խոսքով՝ այս պահին ունենք 269 ծանր պացիենտ, 51 ծայրահեղ ծանր պացիենտ եւ 15 թոքերի արհեստական սարքերի վրա պացիենտ:
Նա նաեւ ասաց. ՛՛Շարունակվում է պացիենտների հսկողությունը տնային պայմաններում, քանի որ մենք դրական եւ թեթեւ դեպքերը արդեն սպասարկում ենք ամբուլատոր պոլիկլինիկական համակարգով: Ամբողջ առողջապահական համակարգը լծված է այդ մարտահրավերի դեմ պայքարին՛՛:


