շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Սևանից իրականացվել է նմուշառում՝ թափանցիկության աստիճանը և թթվածնի պարունակությունը որոշելու համար

Սևանից իրականացվել է նմուշառում՝ թափանցիկության աստիճանը և թթվածնի պարունակությունը որոշելու համար

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը,  Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան  Վիկտոր Ռիխտերը  աշխատանքային այցով եղել են «Սևան» ազգային պարկում»` «SEVAMOD2. Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում. Հայաստան» ծրագրի ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու և լճից ջրի նմուշառման գործընթացին մասնակցելու նպատակով:

Ինչպես հայտնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, այցը մեկնարկել է Սևանա լճում նավով շրջայցով, որի ընթացքում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը, ՊՈԱԿ-ի Հիդրոլոգիայի ծառայության պետ Ամալյա Միսակյանը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը և կենտրոնի Կիրառական հիդրոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ Գոռ Գևորգյանը զեկույցներ են ներկայացրել ծրագրի ընթացքի վերաբերյալ:

 Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ համագործակցության շրջանակներում իրականացվել է SEVAMOD2 հայ-գերմանական գիտահետազոտական ծրագիրը, որը ֆինանսավորվել է Գերմանիայի Կրթության և գիտության դաշնային նախարարության կողմից, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության  համաֆինանսավորմամբ։

Ըստ ծրագիրն իրականացնող կառույցների՝ ծրագրի բոլոր նպատակներն իրականացվել են, այն հնարավորություն է տվել մոդելավորման միջոցով գնահատել Սևանա լճի հիդրոդինամիկ պայմանները, սնուցիչների տեղաշարժման առանձնահատկությունները։ Բացի նախատեսված 1D մոդելից, իրականացվել է նաև լճի 2D մոդելավորում՝ հիդրոդինամիկ և էկոլոգիական բաղադրիչներով։

Գնահատվել է կլիմայի փոփոխության պայմաններում Սևանա լճի հիդրոդինամիկ պայմանների փոփոխությունները և դրա ազդեցությամբ լճում ընթացող պրոցեսների փոփոխությունները։

Ծրագրի կարևոր բաղադրիչն էր նաև հեռահար զոնդավորման կիրառման հնարավորությունները, գնահատումը և վերլուծությունները։

Ծրագրի իրականացմամբ հնարավոր է դարձել Սևանա լճում սկսել կանոնավոր գիտահետազոտական և մոնիթորինգային աշխատանքներ:

Զեկույցներից հետո «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները լճից ջրի նմուշառում են իրականացրել` պարզելու ջրի թափանցիկության աստիճանը և դրանում թթվածնի պարունակությունը:

Այցը շարունակվել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Հիդրոլոգիայի ծառայության Սևանի հիդրոօդերևութաբանական դիտարան  այցով:

Այցի ընթացքում քննարկվել են ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները, կլիմայի, կենսաբազմազանության, շրջակա միջավայրի մոնիթորինգի և այլ հարցերի լայն շրջանակ:

  • Կիսվել: