Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը տեսակցել է եղբորը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը տեսակցել է եղբորը՝ Նարեկ Սարգսյանին, ով նախորդ տարի՝ դեկտեմբերի 6-ին «Ինտերպոլ»-ի աջակցությամբ հայտնաբերվեց Պրահայում ու ձերբակալվեց։ Այս մասին այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Սարգսյանը։
Հարցին՝ ի՞նչ վիճակում է եղբայրը, պատասխանեց՝ «ընտիր»։ Հայկ Սարգսյանը նշեց, որ նիստից ուշանում է։
2018թ. հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ ՔՕ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու եւ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:
Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես եւ ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։