շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները՝ ժողովրդագրական հիմնախնդիր

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները՝ ժողովրդագրական հիմնախնդիր

Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները, չնայած կատարված մի շարք հետազոտությունների, ձեռնարկված քայլերի, օրենսդրական կարգավորումների, հանրային արդի հիմնախնդիրներից մեկն է շարունակում մնալ։

Վիճակագրության տվյալների համաձայն՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման երևույթը բնորոշ է բազմաթիվ երկրների, օրինակ՝ Հնդկաստանին, Չինաստանին, իսկ մեր տարածաշրջանում՝ Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին:

Ըստ Երևանի պտական բժշկական համալսարանի հրապարակած հոդվածի՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքերը հայաստանյան պայմաններում նոր երևույթ չեն: Քննարկումները երևույթի՝ ժողավրդագրական հետևանքների, հնարավոր պատճառների վերաբերյալ շատ են, սակայն դեռևս բավականաչափ չի գիտակցվում այն սոցիալ-հոգեբանական պայմանները և միջավայրը, որը ստեղծվում է ընտանիքում, և որի արդյունք է դառնում հղիության սելեկտիվ ընդհատումը:

«Հերացի» վերլուծականի դիտարկմամբ` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը բավականին մեծ տարածում ունի հայ հասարակությունում, այն հաճախ դիտվում է որպես ընտանիքում ցանկալի երեխաների սեռերի պլանավորման հասարակ և հասանելի միջոց, սակայն երևույթի իրական ծավալները դժվար է գնահատել, քանի որ դրանց որոշ մասը մնում է ստվերում՝ իրականացվելով ոչ միայն բժշկական հաստատություններում, այլ տնային պայմաններում՝ դեղերի միջոցով:

Համաձայն հայաստանյան հետազոտությունների՝ տղա երեխային նախապատվություն տալն ունի բազմաթիվ պատճառաբանումներ, և դրանց արմատներն ավելի շուտ մշակութային, սոցիալ-հոգեբանական և տնտեսական բնույթի են: «Տղա երեխան ազգը, տոհմը շարունակողն է»,  «տղան ծնողների ապագա կերակրողն է», մոտեցումներն հանդիսանում են ծնողների համար տնտեսապես ապահովված լինելու, խնամք և աջակցություն ստանալու հիմնական գրավականը: Դեռ ավելին, տղա երեխա ունենալը հաճախ կապում են տղամարդու կերպարի, հեղինակության և ինքնագնահատականի կայացման հետ:

Ակնհայտ է, որ վերոնշյալ պատճառները չեն կարող հանդիսանալ իրական և հիմնավոր՝ աղջիկ երեխաներին սեռով պայմանավորված խտրականության ենթարկելու և կանանց իրավունքները խախտելու համար:

Միևնույն ժամանակ, մարդիկ, և հատկապես կանայք, բավականաչափ տեղեկացված չեն սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հետևանքների մասին, թե՛ կնոջ առողջության և բարեկեցության, թե՛ երկրի ժողովրդագրական և սոցիալ-հոգեբանական վիճակի տեսանկյունից:

Խնդրի թվային արտացուլումն է սեռերի հարաբերակցության գործակիցը, որի  տևական շեղումը կարող է հանգեցնել սեռերի փոխհարաբերության խախտմանը, արդյունքում՝ ամուսնությունների թվի կրճատմանը և, հետևաբար ծնելիության էլ ավելի նվազմանը: Սեռերի միջև բնական հարաբերակցությունը ծնվելիս կազմում է 100 աղջկա դիմաց 102-106 տղա: 

Հայաստանում, նորածինների սեռերի հարաբերակցության միջին գործակիցը 2018-2020թթ. կազմել է 111 տղա 100 աղջկա նկատմամբ, սակայն որոշ մարզերում՝ Գեղարքունիքում և Արագածոտնում այն զգալի տարբերվում է հանրապետության միջինից՝ կազմելով համապատասխանաբար 123 և 117:

Փոխհարաբերության շեղումը, հատկապես ակներև է ըստ ծննդի կարգի դիտարկելիս: Այսպես, երրորդ երեխայի դեպքում գործակիցը կազմում է բավականին բարձր՝ 123:

Խնդրի արդիականության նվազեցման նպատակով, 2014-2017թթ.  իրականցվեցին գործնական միջոցառումներ՝ ուղղված սելեկտիվ աբորտների թվի կրճատմանը. մշակվեց և ներդրվեց համապատասխան օրենսդրական կարգավորում, իրականացվեց սելեկտիվ աբորտների դեմ պայքարի 2015-2017 թվականների գործողութունների ծրագիրը, որը զուգորդվեց հանրային իրազեկման լայնածավալ աշխատանքներով՝ ուղղված երեխաների արժևորմանը:

Հարկ է նշել, որ, հետևողական միջոցառումների արդյունքում, նորածինների սեռերի անհամամասնությունների գործակիցը վերջին տարիներին զգալի կրճատվել է, 2021 թվականին կազմել է 100 աղջկա դիմաց 109 տղա, ինչը նշանակում է տարեկան միջինում շուրջ 200 ապագա մայր ավել է ծնվել ծրագրերի իրականացման հաջորդող տարիներին:

Հաղթահարման ճանապարհին ձեռք բերված արդյունքների պահպանման և հետագա զարգացումների ապահովման համար անհրաժեշտ է շարունակել ծրագրային միջոցառումների շարքը՝ ներգրավելով մասնագետներ կրթական, իրավական, առողջապահական, սոցիալ-հոգեբանական աջակցության ոլորտներից, ինչպես նաև միջազգային և հասարակական կազմակերպություններից: Այս գործընթացում հատկապես մեծ է զանգվածային լրատվական միջոցների և սոցիալական ցանցերի դերը՝ երևույթի դեմ պայքարի, հասարակության հետ հաղորդակցվելու,  համապատասխան կարծիք ձևավորելու և կարծրատիպերի համակարգը փոփոխելու նպատակով:  

  • Կիսվել: